Քոչարյանի ստվերը՝ Օսկանյանի տեսքով
2016-02-03 11:15:00

Նոր սահմանադրության ընդունմանը ամեն կերպ ընդդիմացող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այժմ հայտնվել է կատարված փաստի առաջ և նրան այլ բան չի մնում, քան համակերպվել ու հարմարվել նոր իրողություններին: Իսկ այդ իրողությունները, որքան էլ նա չցանկանա, կոնկրետ քայլեր են պարտադրում: Ու թերևս սա է պատճառը, որ կրկին օրակարգ է վերադառնում նոր կուսակցության հիմնումը՝ Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ: Քոչարյանի երկու նախորդ հոգեզավակները՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փաստացի դուրս սահեցին նրա ձեռքից: Օսկանյանը դեռ այդ քայլին չի դիմել: Ու եթե ինչ-որ պահի կուսակցության ծնունդը սառեցվել էր, ապա հիմա վրա է հասել «գլոբալ տաքացման» ժամանակը:

Համաձայն շրջանառվող լուրերի, շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին: Հատկանշական է այն փոքրիկ թիմը, որը պիտի կազմի դրա կորիզը: Ինչպես և պետք էր կռահել, խմբի կազմում է Քոչարյանի խոսնակն ու վստահորդը՝ Վիկտոր Սողոմոնյանը: Այնուհետև տրվում են Երվանդ Բոզոյանի, Անդրանիկ Թևանյանի, ինչպես նաև Ստեփան Մարգարյանի անունները: Վերջինս չի հերքել կուսակցության ստեղծման փաստը, իսկ Օսկանյանի մասին ասել է. «Ցանկացած մեկը մտահոգված է իր քաղաքական ապագայով, այդ թվում և ինքը, և շուտով այդ մասին կիմանանք»:

Քաղաքական ապագայի մասին մտահոգությունները տարբեր են լինում: Ոմանք սովորում են նախկին սխալների վրա, իսկ ոմանք էլ պարզապես գնում են քաղաքական ինքնասպանության: Օսկանյանը կարծես թե ընտրությունը կատարել է՝ նախապատվությունը տալով երկրորդին: Դե, իսկ մենք կսպասենք նոր խայտառակ քաղաքական միավորման անդրանիք համագումարին: Հուսանք, որ այն խայտառակության իր աստիճանով չի զիջի ՀՀ տարածքում գործող մյուս քաղաքական կազմակերպություններին:

Այս նյութը դիտել են - 1240 անգամ