Դադիվանքում
2018-06-03 22:41:00
Իմ դասղեկական 9-րդ ա դասարան փոխադրված աշակերտների ու նրանց ծնողների հետ դեպի Դադիվանք էքսկուրսիա գնալու ցանկությունը մեծ էր, բայց անբարենպաստ եղանակը՝ անձրևն ու քամին, սառը օդը մի պահ մեզ հասցրին տրամադրության անկման, չնայած աշակերտներն ավելի հաստատակամ էին, որ ինչ էլ լինի, պետք է գնան այդ վանական համալիրը տեսնելու:
Զարմանալի, նաև հիացնող էր երևույթը, որ ի տարբերություն Մարտակերտում տեղացող անձրևի՝ այնտեղ ավելի բարենպաստ էր եղանակը, միայն կեսօրից հետո սկսեց անձրևել: Դեռ կեսճանապարհին երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար, մեզ ուղեկցում էին նրանց ոգևորիչ երգերը, անգամ վերջերս լայն տարածում ստացած «Քայլ արա՛» երգն արձագանք էր տալիս ավտոբուսի ներսում՝ Քա՛յլ արա՝ ձեռքդ վերև, Բռու՛նցք արա՝ դուխով, Մենք ենք տերը մեր երկրի, Հայե՛ր ջան դուխով... Ինձ համար էլ նորություն էր. ե՞րբ էին սովորել այս երգը, որ առաջին անգամ էի լսում նրանցից:
Անցած տարի ուսուցիչներով այցելել էինք Դադիվանք, այստեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Այս անգամ վանքի համալիրը նկատելի էր բավականին վերանորոգված տեսքով, չնայած կողքին թափված շինանյութերից հասկանալի էր, որ դեռ չեն ավարտվել այդ աշխատանքները:
Անձրևոտ եղանակին մի նոր հետաքրքրություն էր ներկայացնում վանքը, որ շրջապատված էր բնության գեղեցկատես հրաշալիքներով, անձրևի մեղմ կաթկթոցը միախառնվել էր երեխաների հրճվալից ձայներին, և ամեն ոք ձգտում էր այս հրաշափառ վայրում, վանքի սրբասուրբ պատերի կողքին հավերժացնել պահը...
Հանդիպեցինք վանք այցելած մեկ այլ խմբի. Հայաստանից եկած ուսուցիչներ էին, որ Արցախ էին եկել՝ տեսնելու վանքը, շրջապատի անձեռակերտ հրաշալիքները: Վանքի պատերի ներսում ակնածանքով ու խոնարհումով մոմեր վառեցինք՝ առ Աստված մեր ցանկություններն ու աղոթքները մրմնջալով:
Վանքից ոչ շատ հեռու՝ բնության գրկում, փակ տաղավար կար, որտեղ անցկացրինք օրվա երկրորդ մասը՝ սեղանների շուրջ, երգ ու պարով, ասմունքով ու կատակներով: Զարմանալի ոչինչ չկար, երբ ամեն տարի տեսնում եմ իմ աշակերտների ծնողների ակտիվ մասնակցությունը նման միջոցառումներին՝ նրանց իսկ նախաձեռնությամբ: Ծնողական կոմիտեի նախագահ Նոնա Հայրապետյանի կազմակերպչական ջիղը միշտ էլ հիացրել է մեզ, որ ուղեկցվում է նրա ուրախ, կենսախինդ բնավորությանը, այն փոխանցում բոլորիս: Միշտ էլ շնորհակալական զգացումն առկա է առավելապես այն ծնողների հանդեպ, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցում են այսպիսի էքսկուրսիաների բարձր մակարդակով անցկացմանը: Նմանապես գոհունակության խոսքն անպակաս չէր՝ ծնողներից Լիլիթ Ղազարյանին ուղղված, ում միջամտությամբ լուծվել էր ավտոբուսի հարցը:
Վերադարձանք գոհ ու հիացած, անհիշելի ժամանակներից մեզ հասած կյանքի անվախճանության խորհուրդը մեր սրտերում, նաև համոզված, որ վաղուց այս գեղեցիկ բնաշխարհը դարձել է հավերժական՝ որպես հայոց աշխարհի հավիտենական կեցության չափանիշ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 17247 անգամ