Shame-ը գրում է. Մինչ բոլորը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի թափուր աթոռի հնարավոր թեկնածուների որոնումներով են տարված, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը չի բացառում, որ կարող է հենց ինքը ընտրվել ՄԻՊ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա ասել է. «Ամեն ինչ էլ հնարավոր է էս կյանքում»:
Հազար անգամ իրավացի է Շմայսը: Եթե նա արդեն օրենսդիր մարմնի երևելի անդամներից մեկն է դարձել, ապա ի՞նչը կարող է խանգարել դառնալու նաև հանրապետության թիվ մեկ իրավապաշտպանը: Առավել ևս, որ նրա կենսագրությունը լի է իրավունքի և պաշտպանության փայլուն դրվագներով, իսկ պատժի և արդարության մասին Շմայսի պատկերացումների շրջանակը և դրանց գործնական կիրառումը մեկ անգամ չէ, որ հաստատել են իրենց կենսունակությունը:
Այն հարցին, թե ի՞նչ գործունեություն կծավալի Մովսիսյանը՝ ՄԻՊ նշանակվելուց հետո, պատգամավորը անկեղծացման բուռն պոռկում է ունեցել և պատասխանել է, թե ինչ կուզի՝ կանի: «Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց էլ կանեմ»,- նշել է նա:
Ինչ-որ մեկին Շմայսի խոսքերը կարող են թվալ չար կատակ: Մինչդեռ մի փոքր սթափ դատելու դեպքում կարելի է ըմբռնել դրա ամբողջ ցավալի ճշմարտությունը: Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ նրա պաշտպանը պիտի լինի:
Այս նյութը դիտել են - 1617 անգամ