Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ այսօր «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Արման Սաղաթելյանը՝ իր նշանակմամբ ամենևին չզարմացնելով մրցույթի արդյունքներին սպասողներին: Եվ զարմանալու առանձնապես լուրջ հիմքեր էլ չկան: Այս տղան վաղուց է սովոր առանց ջանքերի գրավել աթոռներ, որոնց համար շատերն են փորձում ազնվորեն պայքարել: Այլ խնդիր է, թե ինչ է անում նա՝ ժամանակ առ ժամանակ իր նստատեղը փոխելիս:
Մոտ երեք տարի՝ 2013 -2015թթ. նա նստեց նախագահականում իբրև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար: Գոնե ձևի համար մեկ հատի բրիֆինգ չանցկացրեց, ինչով սովորաբար ամեն շաբաթ զբաղված են աշխարհի բոլոր խոսնակները: Ուղղակի նստեց, ձայն-ծպտուն չհանեց, վայելեց տեղը, իսկ մի գեղեցիկ օր հայտարարեց, թե հոգնել է այդ աշխատանքից և պատրաստվում է ուժերը փորձել գործարար աշխարհում: Անմիջապես ասենք, որ ձևակերպումն անհամեստոեն գունազարդված էր: Գործ բառը խորթ է Սաղաթելյանին: Իրականության մեջ նրան սարսափելի հրապուրել էր մեկ այլ հեռանկար՝ թռչել օվկիանոսից այն կողմ, հանգրվանել Միացյալ Նահանգներում, զբաղեցնել իրեն խոստացված հերթական եկամտաբեր պաշտոնը՝ լինել «Արմենիա TV»-ի Լոս Անջելեսի գրասենյակի ղեկավար և ապրել այնտեղ՝ շառ ու փորձանքից հետո:
Բայց արի ու տես, որ բախտը չար կատակ խաղաց նրա հետ: Ինչպես կասեին մեր խոպանչիները, դրսի գործերը չստացվեցին, ու նա ստիպված վերադարձավ «ներս»: Վերադարձավ և պարապ չմնալու համար պահանջեց մի նոր զբաղմունք: Հենց դա էլ այսօր հանձնեցին Արման Սաղաթելյանի տնօրինությանը:
Այն, որ Հանրային ռադիոյին դժվար օրեր են սպասում, արդեն ակնհայտ է: Ողջ կյանքում միայն КВН-շիկ եղած Արմանը լուրջ խաղերի սովոր չէ: Փոխարենը կարող է դրա հրաշալի իմիտացիա ստեղծել: Օրինակ, երբ ժամանակին նա բեմերից ու հեռուստաէկրանից զվարճացնում էր մարդկանց, հետագայում այդ բոլորը շատ գեղեցիկ ձևով սրբագրեց և սրբագրածի դիմաց պարգևատրվեց «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով: Ու եթե այս տրամաբանությունը պահպանվի, ապա չզարմանաք, եթե Արմանն առաջիկայում դառնա ազգային հերոս:
Shame.am
Այս նյութը դիտել են - 1262 անգամ