Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպեց Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատարին
2018-06-20 14:09:00

Հունիսի 20-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին:

Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին՝ հանձնակատար Ավրամոպուլոսը վերահաստատեց համատեղ աշխատելու հանձնառությունը՝ իր պատասխանատվության ոլորտում գտնվող հարցերի շուրջ առավել զգալի արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ցուցանիշները։ ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձավ վերոհիշյալ համաձայնագրերի իրագործման գործում ԵՄ անդամ պետությունների դերակատարությանը և ներկայացրեց Հայաստանի միգրացիոն քաղաքականության և սահմանների կառավարման բարելավման, հետընդունման և վերաինտեգրման կարողությունների ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները։

Զրուցակիցներն ընդգծեցին Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովների հռչակագրերում ամրագրված Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։

ԱԳ նախարարը կարևորեց ԵՄ և անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանի կողմից արձանագրված ձեռքբերումների գնահատումը, ինչը կնպաստի արտոնագրային ռեժիմի ազատականացման և ազատ տեղաշարժի երկխոսության գործընթացի արագացմանը։ Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը։ 
 

Այս նյութը դիտել են - 3016 անգամ