Թրամփն անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանումը դադարեցնող հրամանագիր է ստորագրել. այժմ երեխաները կձերբակալվեն ծնողների հետ
2018-06-20 23:28:00

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարել է ԱՄՆ սահմանին անօրինական ներգաղթյալներին ձերբակալելիս՝ հնարավորության դեպքում չբաժանել երեխաներին և ծնողներին, հաղորդում է The Guardian-ը՝ նկատելով, որ ԱՄՆ նախագահը զիջումների է գնացել հանրային կարծիքի ճնշման տակ:

«Ես դա շատ կարևոր հրամանագիր եմ համարում: Այն ընտանիքները միասին պահելու մասին է և միևնույն ժամանակ վստահ լինելու, որ մենք ունենք շատ ուժեղ սահման և սահմանի անվտանգությունը կլինի նույնչափ, եթե ոչ ավելի ուժեղ, քան նախկինում էր»,-ասել է նախագահը:

Նա հավելել է, որ «իրեն դուր չէր գալիս բաժանվող ընտանիքների տեսարանը»:

Հրամանագրով նախատեսվում է շարունակել անօրինական ձևով սահմանը հատող ներգաղթյալների նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը և ծնողներին և երեխաներին միասին ձերբակալել նրանց բաժանվելու փոխարեն:

ԱՄՆ իշխանությունների որոշմամբ՝ վերջին շրջանում մոտ 2.000 երեխա է բաժանվել ծնողներից ու խնամակալներից, որոնց հետ ապօրինաբար հատել էին ԱՄՆ-ի սահմանը: Այժմ երեխաները գտնվում են ժամանակավոր ապաստարաններում և զրկված են ծնողներին տեսնելու իրավունքից:

Առաջին տիկին Մելանիա Թրամփի մամուլի խոսնակ Սթեֆանի Գրիշհեմը նրա անունից հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ տիկին Թրամփը չի կարողանում տեսնել՝ ինչպես են երեխաներին բաժանում իրենց ընտանիքներից, ու լիահույս է, որ երկու կողմն էլ ի վերջո կանեն համատեղ միգրացիոն բարեփոխում, որը հաջողված կլինի:
Այս նյութը դիտել են - 3157 անգամ