​Խիստ մտահոգիչ են խոսքի ազատության նկատմամբ ներգործության վտանգավոր միտումները. Պաշտպան
2018-06-25 12:10:00
Ժողովրդավարական երկրի զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը և լրագրողի պաշտպանված մասնագիտական աշխատանքը: Լրագրողի աշխատանքի շնորհիվ է ձևավորվում և կայանում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ: Լրագրողն իր աշխատանքի ընթացքում ղեկավարվում է պատասխանատու լրագրության սկզբունքներով: Սա յուրաքանչյուրին ու առավել ևս պետության ներկայացուցչին պարտավորեցնում է ղեկավարվել լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածով: Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության իրավասու մարմինների խիստ արձագանքին, իսկ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների:
Լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից: Իհարկե, հասարակության յուրաքանչյուր անդամ ունի այս կամ այն լրատվամիջոցի ու լրագրողի աշխատանքին հետևելու ազատ ընտրության հնարավորություն: Դրանով հանդերձ, կոնկրետ իրավիճակում խիստ մտահոգիչ է «Հրապարակ» օրաթերթի նկատմամբ սոցիալական ցանցերում առկա՝ վիրավորանք ու ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն պարունակող վերաբերմունքը: Մասնավորապես, սոցիալական մեդիայում արագորեն տարածվում են կոչեր, որոնք ուղղված են լրատվամիջոցը «մերժելուն» ու դրանց թվում նշվող պատճառներից է լրատվամիջոցի «ոչ օբյեկտիվ քննադատությունը»: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային կայքի հրապարակումների ներքո առկա են այդ լրատվամիջոցի ու լրագրողների նկատմամբ վիրավորանք և սպառնալիք պարունակող մեկնաբանություններ: Հունիսի 22-ից սկսած այս երևույթը հատկապես է սրվել և ուղեկցվում է լրատվամիջոցի լրագրողներին ուղղված անձնական բնույթի սպառնալիքներով: Խիստ մտահոգիչ է այն, որ մինչ այժմ պետական որևէ իրավասու մարմին պաշտոնական դիրքորոշմամբ չի արձագանքել այս երևույթին: Այսպիսի մոտեցումը վտանգավոր է նաև այն առումով, որ կարող է ստեղծել նպաստավոր մթնոլորտ լրատվամիջոցների ու ընդհանրապես խոսքի ազատության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության համար: Մտահոգությունն ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ սոցիալական ցանցերում չի դադարում անհանդուրժողականությունը, որն առանձին դեպքերում հասնում է ատելության: Այլակարծությունը պետք է լինի մշտապես խրախուսելի, իսկ դրա արդյունավետ երաշխիքներից է այն, երբ երկրում գործում են ազատ լրատվամիջոցներ: Մարդու իրավունքների պաշտպանն առավել մեծ ուշադրությամբ է հետևելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքին սոցիալական մեդիայում ու դրա նկատմամբ պետության համարժեք արձագանքին՝ նպաստելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքի ու նրանց անխոչընդոտ աշխատանքի երաշխավորմանը, այդ թվում՝ համագործակցելով լրագրողների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին
Այս նյութը դիտել են - 3563 անգամ