Ժողովրդավարական սկզբունքների դեմ Թուրքիայի իշխանությունների գործողությունները ոչ միայն վտանգում են Թուրքիային եւ հարեւան երկրներին, այլեւ վնասում են Միացյալ Նահանգների շահերին: Այս մասին Կոնգրեսում անցած լսումների ընթացքում հայտնել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նեյթ Շենքանը:
«Երկրի ներսում քրդական շարժումը ճնշելու Թուրքիայի կառավարության փորձերն ուղղված են ոչ միայն Թուրքիայի ներսում խաղաղության հաստատման դեմ, այլեւ՝ Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի փորձերի դեմ», ասել է Շենքանը:
Կոնգրեսական Գրեգորի Միքսը լսումների ընթացքում ընդգծել է, որ Վաշինգտոնում հավատում են, որ կառավարությանը քննադատելու համար լրագրողներին եւ գիտնականներին քրեական պատասխանատվության ենթարկելով՝ Թուրքիայի կառավարությունն ավելի է խորացնում խնդիրը:
«Մենք ԱՄՆ-ի Կանգրեսում շատ անհանգստացած ենք Թուրքիայում ժողովրդավարության վիճակով», - նշել է նա:
Անդրադառնալով Թուրքիայի ներսում տեղի ունեցող իրադարձություններին՝ կոնգրեսական Սիսիլինին նշել է, որ իշխանությունները երկրի ներսում պատերազմ են իրականացնում:
«Հուլիսից ի վեր, Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների արդյունքում զոհվել է քաղաքացիական շուրջ 230 անձ», - ասել է Սիսիլինին:
«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, Կոնգրեսականի խոսքով, բախումներից տուժում է ոչ միայն քուրդ բնակչությունը, այլեւ՝ փոքրաթիվ քրիստոնյա համայնքը:
«Կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների դեմ գործողությունների տրամաբանության մեջ է նաեւ Հայաստանին հակադրվելու Թուրքիայի շարունակական քաղաքականությունը, որն արտահայտվում է ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու փաստով: Ցավալի է, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են հերքել հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության փաստը», - նշել է Սեսիլինին:
Անդրադառնալով Թուրքիայի տարածքում ներկայումս բնակվող եւ բախումներից տուժող հայերի եւ հույների վիճակին՝ լսումներին որպես փորձագետ հրավիրված Freedom House-ի ներկայացուցիչը նշել է, որ նրանց վիճակը չի վատթարացել վերջին տարվա ընթացքում միայն:
«Այն միշտ եղել է մեղմ ասած շատ լարված եւ շատ անախորժ: Չմոռանանք, որ հայերի դեմ Թուրքիայում իրականացված էթնիկ զատումներն ու Ցեղասպանությունը, սպի է Թուրքիայի պատմության վրա», - նշել է Նեյթ Շենքանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է նախորդ դարասկզբի հայերի կոտորածները ցեղասպանություն համարել, բացատրելով դրանք պատերազմական վիճակով:
Ամփոփելով լսումների արդյունքները՝ կոնգրեսական Ալբիո Սիրեսը նշել է, որ անհանգստացած է ԱՄՆ-ի դաշնակից եւ ՆԱՏՈ-ի անդամ Թուրքիայի գործողություններով:
«Նայելով Թուրքիային, ես տեսնում եմ, որ այն անում է մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ», - նշել է նա:
Այս նյութը դիտել են - 1950 անգամ