Անկախությունից հետո ես առաջինն էի, որ հարցազրույց արեցի Գալյա Նովենցի հետ: Ցրտի-մթի տարիներին՝ 1992-ին գնացի իրենց տուն, դերասանուհին արագ-արագ ճաշ էր պատրաստում, որ լույսը չգնար հանկարծ, ու մինչեւ մեզ՝ ինձ ու ամուսնուս /որին շատ վաղուց գիտեր/ չկերակրեց՝ հարցազրույց չտվեց:
Հետո, երբ հարցազրույցը տպվեց, նրա ամուսինը սարսափած հարցրեց, թե ինչու եմ վերնագիրը դրել «Գալյա Նովենցը երբե՛ք չի կեղծում»:
Շա՜տ էր վախեցել, կարծում էր, թե կնոջը սարքել եմ ընդդիմություն օրվա իշխանությանը: Մինչդեռ խոսքը Նովենցի դերասանական արվեստին էր վերաբերում: Այդպես է բնութագրել Գալյային նրա կուրսի ղեկավարը՝ Արմեն Գուլակյանը: Նա, իսկապես, այնպիսի ազնիվ ձուլակտոր էր, որ կյանքում էլ չէր կեղծում:
Միայն այդպիսիք են հզոր արվեստ ստեղծում:
Գալյայի դեպքում բեմական սունդուկյանական դերերից մինչև էկրանային գլուխգործոցը՝ Սիրանույշը /«Մեր Մանկության տանգոն»/դերասանական արվեստի անկեղծիք վերապրումների փառահեղ շարք է: Չխաղալով խաղալու բացառիկ տաղանդի դրսևորում:
Ի դեպ, Նովենցի հետ նույն՝ Գուլակյանի կուրսում են սովորել նաև ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, Արմեն Ջիգարխանյանը: Եվ չնայած, առաջին կուրսի առաջին կիսամյակում Թատերական ինստիտուտից դուրս մնալու վտանգին, Նովենցն ու Հովհաննիսյանը համառորեն շարունակել են նստել դասերին: Այդ հետո պետք է Հենրիկ Հովհաննիսյանը գրեր.
«Գալյա Նովենց դերասանուհին բերում է մի իրականություն, որը մեր կողքին է եղել միշտ, և որին շատ էլ ուշադրություն չենք դարձրել՝ չիմանալով, որ այդտեղ է մեր կեցության երակը»:
Պատահական չէ, որ դեռ խորհրդային շրջանում օտար մամուլը Նովենցին անվանել է՝ «Հայ Աննա Մանյանի»քանզի նա իր արվեստով հասել էր 20-րդ դարի նեոռեալիզմի սահմաններին:
1992-ին իրենց տանը նա ինձ պատմում էր, թե ինչպես հասավ Սիրանույշի դերին. ինչպես պատկերված է 3-րդ լուսանկարում, նա մեզ՝ ինձ ու ամուսնուս համար ճաշ էր պատրաստում /ոչ մի դեպքում թույլ չտալով, որ իրեն օգնենք/ ու վերհիշեց, որ Ալբերտ Մկրտչյանը շարունակ տատանվել է՝ դերն իրեն վստահելու հարցում: Մի անգամ էլ Նովենցը ստիպված է եղել գոռալ, պոռթկալ ու զայրանալ, թե ինչու է կինոռեժիսորը շարունակ տատանվում: Հենց դերասանուհու այդ պոռթկումը տեսնելով, Ալբերտ Մկրտչյանը զարմացել ու ապշել է, ասելով. ,,Ա՛յ, հենց սա է իմ ուզած Սիրանույշը,,:
Ներքին տարերքի դերասանուհուն, ցավոք, մենք կորցրինք ավելի վաղ, քան իր մահը. հանգամանքների բերումով 1995-ին մեկնեց ԱՄՆ, որտեղ մնաց շա՜տ երկար՝ երբեմն-երբեմն այցելելով հայրենիք: Վերջին այցի ժամանակ մեզ նվիրեց իր մասին պատմող նոր հրատարակված շքեղ ալբոմը՝ կատակ-բառուբանով համեմված ընծայագրով.
Սիրելիներ Ստեփան և Կիմա
Տեղին քյանի՞ ի, ես Ձեզ պարի լուս ասիր եմ...
«Տեղին» ասելով, նկատի ուներ դեղին ոսկին...
Ծնունդդ շնորհավո՛ր հայ թատրոնի և կինոյի ազնիվ ոսկի, ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ
/Գալյային նկատել է անգամ Մինասը ու ստեղծել նրա դիմանկարը/:
Կիմա Եղիազարյան