Shame-ը գրում է. ԼԳԲՏ համայնքի դեմ կոշտ քննադատություններով հայտնի «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը հայտարարել է, որ պատրաստվում է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի նկատմամբ: «Ես իրեն ծեծելու եմ իր ոչ մարդկային, ոչ ճիշտ վարվելակերպի համար ու ասում եմ, թող Սաքունցը դիմի բաժին ու ասի, որ Ահարոնյանն ինձ վախեցնում է: Չեմ վախեցնում, ասում եմ, որտեղ բռնեմ՝ ծեծելու եմ: Ոչ միայն իմ մասով, այլ ընդհանրարպես իր պահելաձևի համար: Իբր մարդու իրավունքների չգիտեմ ինչերի… ամբողջությամբ ինքը մի խախտված անձնավորություն է, պռովոկատորների ղեկավարն է: Սաքունցին 100 տոկոս ասում եմ, ման եմ գալիս, չեմ գնում Վանաձոր, հավես չունեմ իրա գրասենյակում ծեծեմ»,- ասել է Ահարոնյանը՝ հավելելով, որ այդ բանն անելու է կոմունիստաբար, բոլշևիկի նման:
Հիշեցնենք, որ Սաքունցը կոչ էր արել ոստիկանությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Ահարոնյանի դեմ՝ սեռական փոքրամասնությունների հանդեպ ապօրինի գործողությունների և հրապարակային սպառնալիքների մեղադրանքով: Իսկ հետո համացանցում տեսանյութ էր տարածվել հետևյալ հայտարարությամբ. «Ռոբերտ Ահարոնյանը, որը ակտիվորեն պայքարում է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի և նրանց իրավունքները պաշտպանողների դեմ, իրականում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է։ Կից տեսանյութում երևում է, թե ինչպես է նա գեյ ծանոթությունների համար նախատեսված կայքով ծանոթանում տղամարդկանց հետ»:
Հիմա լարվածությունը կարծես թե մոտենում է իր հանգուցալուծմանը: Մնում է մի փոքրիկ դետալ ճշտել: Հրաշալի կլինի, եթե Սաքունցի ծեծելու օրը, ժամն ու վայրը նախապես հայտարարվի: Նախ բավարար քանակությամբ լրագրողներ կհավաքվեն: Հետո կգան օտարերկրյա դիվանագետները, միջազգային կառույցների ներկայացուցիչները, իրավապաշտպանները, դիտորդական խմբերը և, իհարկե, հոմոսեքստուալիստներն՝ իրենց բազմագույն դրոշներով: Իսկ նման միջավայրում Սաքունցն ինքը կխնդրի, որ ծեծը շարունակվի որքան կարելի է երկար ու լինի որքան հնարավոր է դաժան: Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում:
Այս նյութը դիտել են - 1222 անգամ