Ահաբեկչություններից հետո քննիչները քայլեր են ձեռնարկում դրանք ապագայում կանխելու համար
2015-12-02 23:28:00

Փարիզում իրականացված կոտորածից հետո շատերի մոտ հարց է ծագում, թե ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում նման ահաբեկչական հարձակումներից հետո: «Ամերիկայի Ձայն-ին» տված իր հարցազրույցում այս հարցին անդրադարձավ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Ծայրահեղականության ուսումնասիրությունների բաժնից՝ Շեյմըս Հյուզը:

Շեյմըս Հյուզը ասում է,- «Խոշոր հարձակումից հետո միանգամից սկսում ես մտածել, թե ինչպես կարող ես կանխել հաջորդ հարձակումը: Փորձում ես պարզել թե ով է ներգրավված այդ ցանցում և թե ինչպես կարող ես այն ոչնչացնել, մինչև մյուս հարձակումը: Այսպիսով անքուն գիշերներ ես անցկացնում՝ փորձելով հասկանալ, թե ահաբեկիչները ինչպիսի կապեր են ունեցել»:

Այս գործընթացը սկսվում է հանցանքի վայրից: Ինչպես և ցանկացած այլ հանցանքի հետաքննության ժամանակ, ոստիկանությունը շրջափակում է տարածքը և դատաբժշկական խմբերը սկսում են մատնահետքեր վերցնել և փաստեր հավաքել:

Ահաբեկիչները հանցանքի վայրում թողնում են ոչ միայն նյութական հետքեր, այլ նաև՝ անձնական նկարագիր:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակից Ռեյմոնդ Բաթվինիսը ասում է,- «Սկսում ենք տվյալներ հավաքել կասկածյալների հեռախոսի համարից, էլեկտրոնային փոստից, հեռախոսային հաղորդագրություններից, Ֆեյսբուքից և Թվիթերից ստացված տեղեկությունների միջոցով:

Ահաբեկիչների մասին սոցիալական ցանցից ստացված տեղեկությունը կարող է հետաքննության գործընթացը զգալիորեն արագացնել:

Շեյմըս Հյուզը ասում է,- «Դաեշին միանում են հիմնականում երիտասարդները, ինչը նշանակում է, որ նրանք օգտվում են սոցիալական ցանցերից: Նրանք զանազան կայքերում տեղադրված ինքնակենսագրական տվյալներ ունեն, և դրանք ուսումնասիրելով, հնարավոր է պարզել նրանց կապերը»:

Փարիզում ահաբեկչական հարձակման հետաքննության օրինակներից է այն դրվագը, որտեղ ահաբեկիչներից մեկի մայրը բերման է ենթարկվում:

Ռեյմոնդ Բաթվինիսը ասում է,- «Մենք ողջ գիշեր տարբեր դռներ ենք թակում, մարդկանց արթնացնում և ասում ենք, որ իրենց անունը հետաքննության ընթացքում շրջանառվել է: Նստում և զրուցում ենք նրանց հետ»:

Այսպիսի զրույցների ընթացքում է, որ քննիչները նոր ահաբեկչական խմբեր են բացահայտում և շուրջկալների միջոցով կանխում նոր հարձակումները:  

Այս նյութը դիտել են - 1653 անգամ