Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում
2018-07-26 03:20:00

Հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա հոգևոր կառույցների, ազգային կուսակցությունների, համահայկական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական, մշակութային, մասնագիտական միությունների, բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։

Լոս Անջելես այցի շրջանակներում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հրավերով Մխիթար Հայյրապետյանը կմասնակցի Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությանը։ Հանդիպում-քննարկում կկազմակերպվի նաև հայ գործարարների և բարերարների հետ։ Լոս Անջելեսի այցի վերջին օրը նախարարը հյուպատոսարանում հանդես  կգա ամփոփիչ մամուլի ասուլիսով։

Հուլիսի 30-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ, Գլենդելի քաղաքապետարանի դահլիճում, տեղի կունենա բաց հանդիպում լոսանջելեսաբնակ հայության հետ։
ԱՄՆ այցի շրջանակներում կայանալիք բոլոր հանդիպումները կազմակերպվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ ու միջոցներով։

Այս նյութը դիտել են - 6941 անգամ