Հատուկ քննչական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ կա Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրելու որոշում, ինչը, սակայն, չի նշանակում, որ տեսագրությունը հրապարակվելու է: Այն կցվելու է քննության գործերին: Տրամաբանությունը հուշում է, որ Քոչարյանը չի կարող լինել գործով հարցաքննվող միակ պաշտոնյան, որը զբաղեցրել է երկրի ղեկավարի պաշտոնը Մարտի 1-ին, թեև հետաքրքրությունը մարտի մեկի գործով նախկին նախագահի ներգրավվածության մասով օբյեկտիվորեն առանձնանում է մնացյալից: Ամեն դեպքում, հարցաքննության ենթակա են թերևս բոլոր այն անձինք, որոնք այդ ժամանակաշրջանում ի պաշտոնե եղել են անվտանգության խորհրդի անդամ: Ավելին, անտրամաբանական կլինի թերևս, եթե չհարցաքննվեն նաև ընդդիմադիր գործիչներ՝ ներառյալ ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանը, որոնք կարող են ունենալ տեղեկատվություն, որը հարցեր կառաջացնի նույն պաշտոնյաների նկատմամբ: Թեև թվում է, որ այդ ժամանակ ընդդիմության դիրքերից ամբողջ տեղեկատվությունը թերևս հրապարակվել է, և դրանում ընդդիմությունը շահագրգռված էր իշխանությանը ներկայացվող մեղադրանքները ծանրակշիռ և հնչեղ դարձնելու համատեքստում:
«Ռոբերտ Քոչարյանը 2008-ին հանդիսացել է գործող նախագահ, հենց այդ կարգավիճակը նկատի ունենալով՝ վերջին 10 տարիների ընթացքում հասարակական մտածողության մեջ արմատացած է, որ այն առանցքային դեմքն ու դերակատարը, որի շուրջ կառուցված է եղել Մարտի 1-ի օպերացիան, Ռ. Քոչարյանն է, այսինքն՝ իշխանական և պետական կառույցների օգտագործման թիվ 1 պատասխանատուն և հրահանգ տվողը Ռ. Քոչարյանն է: Ուստի տրամաբանական եմ համարում հասարական ակտիվ հետաքրքրվածությունն ու սպասելիքները ՀՔԾ-ից: Հասարակությունը ակնկալում է այդ ոճրագործության բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչված տեսնել»,- նշեց Ն. Նորիկյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նոր իշխանության կողմից կամքի դրսևորում էր: «Պետք է հաղթահարվի Քոչարյանի սահմանադրական իմունիտետը»,- ընդգծեց փաստաբանը:
«Մարտի 1-ը ոտնձգություն էր Սահմանադրության, մեր պետականության, մեր ինքնիշխանության և ժողովրդի դեմ: Կան փաստական տվյալներ, որոնք, ըստ էության, ապացույցներ են: ՀՔԾ-ն առանց հարցաքննության պետք է Քոչարյանին հենց այսօր մեղադրանք առաջադրեր և ձերբակալեր»,- նշեց Հ. Արսենյանը՝ հավելելով, որ Քոչարյանի հրամանով արտակարգ դրություն է մտցվել և ՊՆ ստորաբաժանումներ են մասնակցել, ինչը Սահմանադրությամբ թույլատրելի չէ:
Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ ևս ՀՔԾ-ն կարող էր գնալ արմատական, կտրուկ գործողությունների՝ Ռ. Քոչարյանին ձերբակալելու քայլին: Նրա խոսքով՝ այս հանցագործության հետևանքը շատ ծանր է եղել Հայաստանի համար. «10 տարի Հայաստանում իշխանությունը ապօրինի կերպով յուրացված է եղել, ընդ որում՝ ՀՀ քաղաքացիների սպանության գնով. սա աննախադեպ ծանր հանցագործություն է»:
Քննարկման մասնակիցների պնդմամբ՝ 0038 հրամանը տվել է գերագույն գլխավոր հարամանատարը, որևէ կասկած չկա:
Մանրամասն՝ տեսանյութում:
ՀՔԾ-ն առանց հարցաքննության պետք է ձերբակալեր Քոչարյանին․ Քննարկում «Առաջինում»
Այս նյութը դիտել են - 5975 անգամ