ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն այս օրերին մի տեսակ վերածվել է հրաշամանուկի, ով անհայտության գրկում խորը քնած էր, հետո նրան արթնացրեցին ու միանգամից դարձրեցին հայտնի...
2016-02-05 19:22:00

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ՄԻՊ-ի թեկնածու ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն այս օրերին մի տեսակ վերածվել է հրաշամանուկի, ով անհայտության գրկում խորը քնած էր, հետո նրան արթնացրեցին ու միանգամից դարձրեցին հայտնի: Թե իր գիտակցական կյանքում նա ուրիշ ինչ գործեր է արել, ինչով է հայտնի, որտեղ էր մինչև հիմա՝ սրանց մասին ոչ մի պատասխան չկա: Բայց դառնալ ՀՀԿ-ի թեկնածու՝ դա արդեն բավականին շատ հարցերի պատասխան կարող է տալ:

 Սա է պատճառը, որ ՀՀԿ խմբակցության նիստում նրա արած մի հայտարարություն դուրս է բոլոր տրամաբանված պատկերացումներից: Թաթոյանը հանրապետականներին հետևյալն է ասել. «Այսօր ես ՀՀԿ-ի թեկնածու եմ, ընտրվելուց հետո կդառնամ ժողովրդի թեկնածուն»:

Շատ ավելի խելամիտ կլիներ, եթե Թաթոյանն ընդհանրապես ոչինչ չասեր ու չհիշատակեր ժողովրդի անունը: Հեքիաթների ժանրից քաղված նրա ձևակերպումը ոչ միայն հավատ չի ներշնչում, այլև խիստ պաթետիկ է ու կեղծ: Սրա հետ մեկտեղ նման արտահայտության հեղինակը ուղղակի վտանգում է իր սկզբունքայնությունը: Իշխանության քաղաքական ուժի թեկնածուն, ով դուրս է գալիս հենց այդ իշխանության ծոցից, ինչպե՞ս է պատրաստվում մեկ օրվա մեջ վերափոխվել ու սպասարկել ոչ թե իր հարազատ միջավայրի շահերը, այլ ժողովրդի պահանջները՝ գերազանց հասկանալով, որ դրանց պարզապես հակոտնյա են:

Ի դեպ, այս տպավորությունն ակամա հաստատում է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ասել է, որ ՄԻՊ թեկնածուն իրեն շատ է դուր եկել: Իսկ եթե մեկը շատ դուր է գալիս Բաղդասարյանին, մի՞թե կարող է դուր գալ նաև ժողովրդին:



Shame.am

Այս նյութը դիտել են - 1479 անգամ