« A1plus »-ը գրում է. Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կբարձրացնի ՀՀ վարկանիշը: Վստահ է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը:
«Նրա կալանավորումը եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելը, կբարձրացնի Հայաստանի Հանրապետության վարկանիշը, որովհետեւ մենք տեսել ենք նման նախադեպեր այլ եվրոպական ժողովրդավար պետություններում, Ավտորիտար համակարգում նման դեպքը աննախադեպ է, արտառոց է եւ ողջունելի է»,- ասում է Փոստանջյանը:
Ռոբերտ Քոչարյանը մինչ Հատուկ քննչական ծառայություն ներկայանալը գիտեր, որ իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվելու: Կարծում է Զարուհի Փոստանջյանը, դեռ ավելին, մասնագիտությամբ իրավաբան Փոստանջյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պետք է ավելացվի մեղադրանքի ծավալը:
«Նրա կողմից կատարված հանցագործությունները բազմաթիվ են, հենց առաջին իսկ օրվանից, նա ներգրավված է եղել տարբեր հանցագործությունների մեջ: Նրա կողմից կատարված հանցագործությունները եւ պատճառված վնասը, կարող ենք ասել՝ անդառնալի է»:
Քոչարյանի կալանավորմամբ մտահոգվածներին եւ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին հայտարարողներին, մասնագիտությամբ իրավաբան Փոստանջյանը խորհուրդ է տալիս հիշել երկու հազարական թվականներին կատարված ապօրինությունները:
«Եւ ասեն՝ ինչո՞ւ գույք պարտքի դիմաց ՌԴ-ին հանձնվեցին ռազմավարական նշանակության գործարաններ, եւ այդտեղից էր գալիս մեր սահմանների պաշտպանությունը: Քսան տարի առաջ այդ նույն Քոչարյանը, Սերժ Սարգսյանի հետ միասին նվիրեցին, հենց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ դա տեղի ունեցավ, երբ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախագահի պաշտոնը լքեց եւ եկավ Երեւան, այդ ժամանակ պետք է աղմուկ-աղաղակ բարձրացնեին, եւ ասեին, որ չի կարելի լքել Ղարաբաղի նախագահի պաշտոնը՝ Երեւանում վարչապետ դառնալու համար: Դա ավելի է թուլացնում մեր սահմանները»,- ասում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը:
Զարուհի Փոստանջյանն ամեն ինչ անելու է բացառելու Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը քաղաքական գործընթացներին:
«Նրանց ոչ միայն մեկուսացնելով, քաղաքականությունից, այլեւ մեկուսացնելով հասարակությունից՝ նրանց տեղավորելով բանտախցերում»:
Նախկին ղեկավարներին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ տեսնելը մեր համաքաղաքացիները երկար են սպասել:
«Եւ ոչ միայն կալանավորում Մարտի մեկով , այլեւ հոկտեմբերի 27-ն էլ է իրա վրա, թալան-թրաշն էլ ա իրա վրա, բա ոչ պետք է պատասխան տա: Որ հասել ենք էս օրին իրանց մեղքը չէր, Ռոբերտն էլ, Սերժն էլ, բոլորն էլ պետք է պատասխան տան։ Դրան շուտ պետք է բռնեին: Երկիրն ամենաշատը էդ ա թալանել: Դրան, անպայման պետք է պատասխանատվության ենթարկեն»:
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, ապա «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է միայն իր ցուցակով:
«Իհարկե անհատներ ներգրավված են լինելու մեր ցուցակի մեջ, որպես անկուսակցականներ։:
Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Երկիր Ծիրանի կուսակցությունը ընտրությունների ժամանակ հաջողություններ կարձանագրի:
«Ես, ես պետք է լինեմ երեւանցիների քաղաքապետը»,- նշում է նա: