Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի կողմից նոր կուսակցություն հիմնելու գաղափարը կարծես թե գրվեց սառույցի վրա: Համենայն դեպս, նա այլևս դրա մասին չի խոսում, իսկ նրա համակիրները ամեն գնով շրջանցում են թեման: Սակայն Հայաստանի ներքաղաքական կյանք մուտք գործելու 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա որոշակի ներգործություն ունենալու միտքը, հավանաբար, դեռ անհանգստացնում է նրան: Եվ այժմ Աբրահամյանին այլ բան չի մնում, քան մի փոքր խորամանկել և օգտագործել այսպես կոչված Տրոյական ձիու մարտավարությունը: Այլ կերպ ասած՝ նա կփորձի սողոսկել, սակայն քողարկված ձևով: Իսկ իբրև քողարկում կծառայեցնի արդեն փորձված տարբերակը:
Այս մասին Աբրահամյանը միջնորդավորված տեղեկություններ է շրջանառել: Համաձայն դրանց, նա պատրասվում է Հայաստանում տնտեսական նոր ծրագրեր իրականացնել: Խոսքը վերաբերվում է ներդրումային հնարավորություններին, համագործակցությանը: Կազմակերպվելու է հատուկ ֆորում, հրավիրվելու են գործարար աշխարհի ներկաացուցիչներ, ներդրող ընկերություններ:
Ինչ խոսք, գեղեցիկ է հնչում: Բայց ոչ Արա Աբրահամյանի կատարմամբ: Բանն այն է, որ նա երկու անգամ արդեն այդ հնարքը կատարել է, իսկ արդյունքը զրոյական է: Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը երկու անգամ աղմուկ-աղաղակով մեծ ֆորումներ են գումարել: Երկուսն էլ բացառապես ծառայեցվել է Աբրահամյանի անձը գովազդելու նպատակով: Դրանցից հետո ոչ ոք Հայաստանում նույնիսկ կես կոպեկի ներդրում չի կատարել, քանի որ հրաշալի հասկացել է թե այդ դիմակահանդեսի իմաստը, թե ճանաչել է կազմակերպչի արկածախնդիր խառնվածքը և, մեղմ ասած, ինտելեկտուալ հզորությունը:
Նույնն էլ այս դեպքում պիտի սպասել: Կգա, կճառի, խոստումներ կտա, մարդկանց կհավաքի, իսկ հետո այդ ամբողջից կփորձի պտուղներ հավաքել ինքն իր համար: Իսկ պտուղները կարող են լինել նաև ներքաղաքական այգիներից: Չմոռանանք, որ պրն Աբրահամյանը որպես ներդրող յուրահատուկ է. նա ունի ներդրումներ Վատիկանում, բայց ոչ Հայաստանում, քանզի այդ ներդրումը նրան Հռոմի պապի հետ լուսանկարվելու հնարավորություն տվեց, իսկ դա գյուղացի և «գեղցի» տղայի համար չափազանց կարևոր է: Իսկ ի՞նչ կտա նրան Հայաստանի ներդրումը: Մեկնաբանություններն ավելորդ են...
Այս նյութը դիտել են - 2076 անգամ