Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց News
2018-08-16 09:20:00

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանն օգոստոսի 14-ին, գրավի դիմաց ազատ արձակվեց:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու Վարդանյանին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց: Նշենք, որ մեղադրանքի կողմը միջնորդությանը չէր առարկել:

Ըստ մեղադրանքի՝ Վանիկ Վարդանյանը 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝ դատարանի նախագահի աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալու համար դատարանի նախագահ Ա. Պետրոսյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլն դրամին համարժեք 120 հազար ռուբլի կաշառք։

Նշենք, որ այս գործով ամբաստանյալներն են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, դատախազ Սեւակ Շհոյանը, Աղվան Պետրոսյանի վարորդ Կարեն Մարտիկյանը եւ քաղաքացիներ Հայկ Կարապետյանը, Մելանյա Գալստյանը, Կամո Գալստյանը, Էդվարդ Չինարյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանը, Վրույր Վարդանյանը, Լաուրա Մարտիրոսյանը:

Այս նյութը դիտել են - 4239 անգամ