ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներսում պայքարը թեժանում է
2016-02-06 09:00:00

Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության ներսում լուրջ պայքար է ընթանում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Վերմոնտի սենատոր Բերնի Սենդերսի միջեւ՝ նոյեմբերին նախատեսված ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին դեմոկրատական թեկնածու հանդես գալու համար: Իրեն դեմոկրատ սոցիալիստ հռչակած Սենդերսը քննադատել է Քլինթոնին նախընտրական արշավի համար խոշոր ընկերություններից հանգանակություններ ընդունելու մեջ.

«Եթե մենք չսանձենք փողերի մուտքը քաղաքականության մեջ եւ չսահմանափակենք նրանց կողմից հսկողությունը երկրի քաղաքական գործընթացների վրա, անհրաժեշտ փոփոխությունները ոչ ոք չի իրականացնի»:

Փորձառու Հիլարի Քլինթոնին սակայն պատասխան տալու համար շատ ժամանակ չպահանջվեց.

«Եթե ասելու բան ունեք, ասեք դա ուղղակի: Բայց դուք չեք գտնի գեթ մեկ դեպք, որ ես երբեւէ փոխեմ իմ կարծիքը կամ այլ կերպ քվեարկեմ նախընտրական արշավում ստացված գումարի պատճառով»:

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում Քլինթոնի ունեցած մեծ փորձառությանը՝ Սենդերսն այն հարցականի տակ է դնում.

«Փորձառությունը չէ կարեւորը, կարեւորը դատողությունն է»:

Բանավեճից հետո թեկնածուներին հետեւող մարդկանց կարծիքները կիսվեցին:

«Մեզ անհրաժեշտ են որոշ փոփոխություններ, սակայն, սենատոր Սենդերսը դրա մասին չի խոսում: Նա քաղաքական հեղաշրջման կոչ է անում», - ասում է թեկնածուի մամլո քարտուղար Սիմոն Սենդերսը:

Մինչ մի մասին ոգեւորել էր Սենդերսի՝ արմատական փոփոխություններ անելու կոչը, մյուս մասն աջակցություն հայտնեց չափավոր Քլինթոնին.

«Մեկ բան միանշանակ երեւաց. Հիլարի Քլինթոնը կարող է գերագույն հրամանատար լինել, մինչդեռ, սենատոր Սենդերսի պատասխաններն արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին կասկածներ հարուցեցին նրա տեղեկացվածության մասին», - ասում է Նյու Հեմփշիրի սենատոր Ջենի Շահինը:

Պայքարի հաջորդ փուլը սպասվում է փետրվարի 9-ին Նյու Հեմփշիրում, որտեղ հավանաբար կհաղթի Սենդերսը, իսկ փերտվարի 20-ին Հյուսիսային Քարոլինայում հաղթանակը հավանաբար Քլինթոնինն է: Սակայն, հենց մարտին, երբ նախնական քվեարկություններ կանցնեն նահանգների մեծ մասում, հավանաբար պարզ կլինի, թե դեմոկրատական եւ հանրապետական կուսակցությունների որ հավակնորդներն են հաղթելու իրենց կուսակցությունների ներսում եւ պայքարելու արդեն միմյանց դեմ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում:

Այս նյութը դիտել են - 1326 անգամ