Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ: Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Եվ խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ: «Ոստիկանության զորքերը առանձնանում է իր կարգապահությամբ, և այսօր ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաև այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, և ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասաց ոստիկանության պետ: Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը, որքան կազմակերպված և պատվով կատարեց իր խնդիրը, օրինակ բերեց, թե ոստիկաններն ինչպես էին հերոսաբար կռվում Արցախյան ազատամարտի տարիներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:
Ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Հակոբյանը զեկուցեց, որ մարտական հերթափոխի մեկնող զորամասը պատրաստ է իր առաջ դրված խնդիրները կատարելու: Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին անփորձանք ծառայություն մաղթեց. «Ինքս առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու եմ դիրքերում, ձեր կողքին: Պատիվ ունեմ ծառայելու ձեզ հետ, հպարտ եմ ձեզանով»,-ասաց ոստիկանության պետը:
Այս նյութը դիտել են - 4329 անգամ