Դատավոր Ազարյանն իր թեկնածուական ատենախոսությունն արտագրել է Վազգեն Ռշտունուց.1in
2018-08-19 23:08:00

«1in.am »-ը գրում է. 2016 թվականից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց վերացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը, պարզվում է, 2006 թվականին պաշտպանած թեկնածուական թեզի մի մասը արտատպել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու թեկնածուական թեզից։

 
Եվ այսպես․ ներկայումս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը 2006 թվականին պաշտպանել է «Իրավական կարգավորումը, նրա կառուցակարգը, նպատակը և զարգացման հեռանկարները» թեմայով ատենախոսությունը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին իր՝ «Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգի հասկացությունը, կառուցվածքը և զարգացման միտումները» թեմայով ատենախոսությունը պաշտպանել է 2005 թվականին։ Երկուսի ղեկավարն էլ եղել է իրավագիտության դոկտոր Գառնիկ Սաֆարյանը։

Հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեցինք Բարձրագույն որակավորման կոմիտե, որտեղից մեզ հայտնեցին, որ ուսումնասիրվել են երկու դատավորների ատենախոսությունները։ Դատավոր Ազարյանի ատենախոսության մեջ հայտնաբերվել է 17 էջ կրկնություն կամ համընկնում Ռշտունու ատենախոսության հետ։ Բացի դրանից՝ Ազարյանի ատենախոսության մեջ բացակայում է որևէ հղում սկզբնաղբյուրին կամ հեղինակին, որից փոխառված է նյութը։

Ի դեպ՝ ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 11-րդ կետը սահմանում է, որ ատենախոսության մեջ հայցողը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր:

Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավոր Ազարյանը 2001-ից մինչև 2006 թվականն աշխատել է Քոչարյանի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ, ապա նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։ Այդուհանդերձ, Ազարյանը պնդում է, որ Քոչարյանի վերաբերյալ որոշում կայացնելիս կաշկանդվածություն չի ունեցել։ Դե իհարկե, իրավագիտության գիտությունների թեկնածուն, եթե արտագրելուց չի կաշկանդվում, հազիվ թե կաշկանդվածություն ունենար Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացնելուց։

Հատուկ քննչական ծառայությունը վերաքննիչի որոշումը որակել էր ապօրինի և նշել, որ Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, իսկ Ազարյանն իր հերթին անգրագետ էր որակել ՀՔԾ-ի հայտարարությունը։ Ուսումնասիրելով Ազարյանի ատենախոսությունը և այլոց աշխատությունից արտատպելու փաստը, փոքր-ինչ վիճելի հարց է դառնում՝ ո՞ւմ հայտարարություններն են անգրագետ։ Սա ի միջի այլոց։

Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Այս նյութը դիտել են - 6029 անգամ