Արագոնի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև
2015-12-02 23:37:00

Արագոնի խորհրդարանը 2015 թվականի դեկտեմբերի 2-­ին ընդունել է հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մամուլի ծառայությունից, պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության ծավալած գործողությունների հետևանքով: Պատգամավորը կոչ է անում թուրքական կառույցներին, ներառյալ թուրքական կառավարությանը, ընդունել այս պատմական իրողությունը:

Հաշվի առնելով, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, միջազգային մի շարք կազմակերպություններ, ներառյալ Եվրոպական խորհրդարանը և քաղաքական մարմիններ, հանդես են եկել Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման միջնորդություններով: Հռոմի Պապ Ֆրանցիսկո առաջինը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015թ. ապրիլին ընդունած հռչակագրով:

Այս բոլոր իրողություններն ամփոփված են Արագոնի խորհրդարանի ընդունած փաստաթղթում: Ի հավելումն ասվածի, բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ի նշան համերաշխության և եվրոպական արդարության: Այն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ցեղասպանության կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումը պետք է ընդունի որպես բարձրագույն առաջնահերթություն: Բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանն օգտագործել Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցը որպես ճանաչման հնարավորություն, բաց անել թուրքական արխիվները և ընտրել հաշտեցման ուղին թուրք և հայ ժողովուրդների միջև:

Այն նաև ընդգծում է, որ թուրք մտավորականների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի ստվար զանգված ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ինչի հիման վրա հորդորում է նաև թուրքական կառույցներին վարվել նույն կերպ:

«Բավականին հուսադրող է տեսնել, որ այս տարի ոչ միայն եվրոպական երկրները, այլ նաև ԵՄ անդամ երկրները և ռեգիոնալ խորհրդարաններն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր»,­ մեկնաբանում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: «Ես կարծում եմ, որ սա կարելի է ընդունել որպես Թուրքիային ուղղված ուղերձ, և որ Եվրոպան սպասում է, որ Թուրքիան ճանաչի սեփական պատմությունը: Այսօր հստակ ազդանշան է ուղղվում նաև հայերին: Արագոնցիները կանգնած են հայերի կողքին՝ ճանաչելով 20­րդ դարի առաջին ցեղասպանությունը»,­ հավելել է Օչոան: Բանաձևը կոչ է անում Իսպանիային օգնել, որ Թուրքիան պահի իր խոստումը` պաշտպանել և պահպանել հայկական մշակութային ժառանգությունն իր տարածքում և առավել ակտիվ դերակատարություն ցուցաբերել Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտությանը նպաստելու գործում: Եվրոպական պատմությունն ազգերի միջև հաշտության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք կարող են ծառայել որպես ուղենիշ:

Արագոնն ինքնավար համայնք է Իսպանիայի հյուսիսարևելյան մասում, որը սահմանակից է Ֆրանսիային: Ունի 1,2 մլն բնակչություն և 47, 719 ք/կմ տարածք (փոքր­ինչ ավելի մեծ է, քան Էստոնիան): Այն Իսպանիայի հինգերորդ համայնքն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից, Բալեարյան կզղիներից և Նավարայից հետո:

Այս նյութը դիտել են - 1917 անգամ