«ԲԵՍՊՐԵԴԵԼ»՝ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ. ՍԱՍՈՒՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
2018-08-23 22:33:00

«Հրապարակ»-ը գրում է.

Արամ Դանիելյանի հրաժարականից հետո՝ հուլիսի 10-ին, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լիլիթ Ստեփանյանը, որը Սասուն Միքայելյանի ընկերոջ աղջիկն է, նաեւ եղել է Միքայելյանի օգնականը: Նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը 1 ամսվա ընթացքում հասցրեց փոխել նախկին քաղաքապետի աթոռը եւ կատարել իր դեմ դրված առաջադրանքը՝ ազատվել նախկին քաղաքապետի կադրերից:

Հրազդանում խոսում են, որ անգամ դա արվել է տգետ ձեւով՝ կանչում են պետերին եւ ասում, որ չեն ուզում աշխատել իրենց հետ: Երեկ հրաժարականի դիմում է գրել եւս մեկ բաժնի պետ՝ Հրաչ Հուսիկյանը, ով զբաղեցնում էր համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ պաշտոնը: Մինչ պետերը հերթով ազատման դիմում են գրում, սասունականները հերթով պաշտոն են ստանում:

Այսպես՝ քաղաքապետի տեղակալ է նշանակվել Վարուժան Սաֆարյանը, ով Վանատուր թաղամասից է, Սասուն Միքայելյանի կադրերից, տարիներ առաջ զբաղեցրել է բնակվարչության պետի պաշտոնը: Քաղաքապետի խորհրդական է նշանակվել Անահիտ Նազարյանը, ով 2016թ.-ին՝ քաղաքապետի ընտրություններից առաջ, պաշտպանում էր Սասուն Միքայելյանին: Մյուս երիտասարդ խորհրդականը Լիլիթ Ալեքսանյանն է, ով ըստ լուրերի քաղաքապետի ընկերուհին է:

Քաղաքապետի օգնական է նշանակվել Արտիկ Գրիգորյանը, ով երկար տարիներ եղել է համատիրության նախագահ, Սասուն Միքայելյանի թիմից է: Համայանքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոռ Մաթեւոսյանը, ով եւս Սասուն Միքայելյանի ծանոթն է: Համայնքի զարգացման հարցերով պատասխանատու՝ Վանուհի Բարեղամյանը, ով ՀԱԿ-ից Արամ Բարեղամյանի դուստրն է:

Բաժնի պետերին ազատելուց հետո հիմա էլ անցել են աշխատակիցներին: Թվում էր, թե Հայաստանում այլեւս չի գործի խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտը: Ինչպես տեսնում ենք, արմատավորված այս երևույթը հետզհետե ավելի ու ավելի լայն տարածում է գտնում, ինչպես նախկին իշխանությունների օրոք, անյպես էլ թավշյա հեղափոխությունը հետո:

Այս նյութը դիտել են - 4828 անգամ