Հայաստանի պառլամենտում ՀՀԿ-ն մեծամասնություն ունի: Սա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը որևէ կարիք չունի որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու, անկախ նրանից՝ երկիրը պառլամենտական է, թե ոչ: Այն, որ 50 տոկոսից ավելի ձայն ունեցող կուսակցությունը որևէ երկրում որևէ կոալիցիոն գործընկերոջ կարիք չունի, փաստ է: Եվ սա ռացիոնալ է: Ի վերջո, պառլամենտական երկրներում կոալիցիա կազմում են այն դեպքում, երբ ոչ մի քաղաքական ուժ ընտրություններում չի ստանում 50 տոկոսից ավելի մանդատ և ստիպված է համագործակցել այլ քաղաքական կուսակցությունների հետ: Եթե դա այդպես է, ապա ինչի՞ համար է ՀՀԿ-ն կոալիցիա հրավիրում դաշնակներին, ո՞րն է դրա իմաստը:
Իմաստ չկա, կարիք չկա, և սա խոսում է իշխանության իռացիոնալ լինելու մասին: Մի՞թե դաշնակները, աշխարհի ամենավարկաբեկված ու խայտառակ քաղաքական կազմակերպությունը, իրոք իրենցից բան են ներկայացնում: Իհարկե, ոչ: Մի՞թե սահմանադրական փոփոխությունների հաստատման գործում դաշնակներն իրոք այնքան բան են արել, որ կոալիցիա հրավիրելուց զատ շնորհակալություն հայտնելու այլ տարբերակ չկա: Իհարկե, ոչ: Գուցե դաշնակներին կոալիցիա են տանում, որպեսզի պատասխանատվության հարցում դրանց փայատե՞ր դարձնեն: Բանն այն է, որ դաշնակները չունեն այդքան բարոյականություն, որ պատասխանատվության զգացում ունենան. նրանք կառավարությունում իրենց հատկացված լափը կլափեն, իսկ նախընտրական կամպանիայի ժամանակ կդառնան թունդ ընդդիմադիր: Եվ այս մասին գոնե նախագահ Սարգսյանը պիտի իմանա բոլորից լավ, և իրոք նա գիտի: Գուցե դաշնակներին հրավիրում են կառավարություն այն բանի համար, որ նրանք գիտեն բաներ, որոնցից տեղյակ չեն հանրապետականները, այսինքն՝ ունեն այնպիսի ահռելի գիտելիքներ, որ էլ դու սո՞ւս: Ծիծաղելի է: Դաշնակները հանրապետականներին գերազանցում են միայն թալանի ունակություններով, այսինքն՝ այն, ինչ հանրապետականը կցրի մեկ տարում, դաշնակը կլափի մեկ ամսում:
Ինչպես տեսնում ենք, դաշնակներին կոալիցիա վերցնելու համար որևէ պրակտիկ օգուտ, որևէ քաղաքական անհրաժեշտություն, որևէ իմաստ գոյություն չունի: Բայց, այնուամենայնիվ, դրանց կառավարություն կտանեն: Անբացատրելի, անըմբռնելի, անհասկանալի քայլ, որը, համենայն դեպս, ունի մեկ մեկնաբանություն, այն է` սա Հայաստանն է, և վե՛րջ:
Օսկան Քոչարյան / shame.am
Այս նյութը դիտել են - 1614 անգամ