Անցած տարեվերջի հանրահավաքներից մեկի ժամանակ հանրաքվեի պարտությունը ճաշակած «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչները վճռականորեն հայտարարեցին, թե հունվարի 22-ից սկսելու են նոր ու անբեկանելի թափ հաղորդել իրենց բողոքի ալիքին, և այն ժամանակ բոլորը կտեսնեն, թե իրենք ինչերի են ընդունակ:
Հուվարի 22-ը եկավ ու անցավ: Ի՞նչ տեսանք մենք: Նախ այն, որ խոստացված ահռելի ուժի հանրահավաքը փաստացի տեղի չունեցավ: Իսկ հետո սկսեց ամենաձանձրալին ու անպտուղը: «Նոր Հայաստանի» մի քանի լիդերներ ամեն օր գալիս են Ազատության հրապարակ, ասուլիսներ են հրավիրում, կրկնում են այն, ինչ հազար անգամ արդեն լսել ենք: Այս ընթացքում նաև շարքերը նոսրացան, ու ոչ միայն ալիքը չքացավ, այլ եղած ջրերն էլ ցամաքեցին:
«Նոր Հայաստանի» վիճակը նախանձելի չէ: Իսկ խելացի որոշումները, որ սովորաբար կայացնում են նրանք, ովքեր հայտնվում են անելանելի իրավիճակներում, նրանցից դեռ հեռու են: Փոխանակ դասեր քաղելու ձախողումներից, հիմա էլ նրանք որոշել են հանրահավաք կազմակերպել մարտի 1-ին և ինչպես նախկինում էին հայտարարում, սա էլ պիտի լինի համազգային հանրահավաք: «Նոր Հայաստանը» արդեն կոչ է արել մյուս ընդդիմադիր ուժերին մասնակցել այդ ակցիային: Իսկ ահա ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը նույնիսկ ոգևորվեց ու հայտարարեց, որ հնարավոր է՝ մարտի 1-ին իրենք դիմեն անհնազանդության գործողությունների՝ փողոցներ և վարչական շենքեր շրջափակելու միջոցով:
Հետաքրքիր տղա է այս Անդրիասը: Նա նախ ասում է ու հետո է միայն մտածում իր ասածների մասին: Ու խոսքն այն մասին չէ, թե հնարավոր չէ շենքեր ու փողոցներ փակել: Փակել կարելի է: Ուղղակի Ղուկասյանը պիտի նախ հաշվի՝ շրջափակվող շենքե՞րն են շատ, թե՞ իրենք, և նոր միայն փողոց դուրս գա, թե չէ հետո կպարզեն, որ ծրագրով նախատեսել էին, բայց մարդ չկար ծրագիրը իրագործելու համար:
Այս նյութը դիտել են - 1293 անգամ