Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը համարում է, որ թատրոնի շենքի հետ կապված մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի վերջին մեկնաբանությունները ճշմարտության հետ որևէ աղերս չունեն:
Բանն այն է, որ 45 տարվա դեգերումներից հետո Երևանի մնջախաղի պետական թատրոնը կրկին շենք է փնտրում: Նախորդ տարի թվում էր, թե շենքի խնդիրը վերջնականապես լուծվել էր, գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ արդեն որոշել էր, թե Սերժ Սարգսյանի հանձնարարականով թատրոնին տրամադրված Գրապալատի նախկին տարածքն ինչպես պետք է տնօրիներ: Խոսքը Գևորգ Քոչար 21 հասցեի մասին է: Ուրախանալու համար, սակայն, պարզվում է, վաղ էր: Որպեսզի թատրոնը լիարժեք գործեր, և այլ թատրոնների բեմերից օգտվելու կարիք չլիներ, առաջարկվել էր շենքի հարկը բարձրացնել և մուտքը տեղակայել դրսի կողմից:
Այնինչ, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, վերջերս հայտարարեց, որ շինարարական փոփոխություններ չեն կարող լինել, քանի որ գործ ունենք հուշարձան-շենքի հետ: Ժիրայր Դադասյանին, սակայն, նախարարի արձագանքը ոչ միայն զարմացրել է, այլև՝ զայրացրել: Նա հիշեցնում է, որ իրեն շենքի հետ կապված հստակ առաջարկ ներկայիս կառավարության օրոք չի արվել, փոխարենը արվել են ակնարկներ։ Ժիրայր Դադասյանը շեշտում է՝ Մնջախաղի թատրոնը պետական կառույց է, բացառիկ ժանրային թատրոն, և իրենք չեն պատրաստվում տեղակայվել քաղաքի ծայրամասում, այն էլ այն դեպքում, երբ քաղաքի մյուս բոլոր թատրոնները գտնվում են փոքր կենտրոնում: Գեղարվեստական ղեկավարը իմաստ չի տեսնում նաև աշխատել համատեղելիության կարգով, քանի որ Պատանի հանդիսատեսի թատրոնը վարձակալելով, իրենք այժմ արդեն իսկ այդ կարգավիճակում են:
Անդրադառնալով նախարարի այն հայտարարությանը, թե հուշարձան-շենքում փոփոխություններ չեն կարող իրականացվել, մեր զրուցակիցն առաջարկում է ուղղակի ուշադիր զննել այդ շենքը, որը, նրա խոսքով, ստալինյան շրջանի բանտ է հիշեցնում: Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի մասնագետները լավագույն ճարտարապետների հետ խորհրդակցել էին, որպեսզի արվեր հնարավորը՝ շենքի քաղաքաշինական տեսքը չխաթարելու համար: Շենքի հետ կապված վերջնական լուծումն էլ տրվել էր մասնագետների կոնսենսուսի արդյունքում: Իսկ եթե նույնիսկ այս ամենով հանդերձ նախագծի իրականացման դեպքում շենքին վտանգ է սպառնում, Ժիրայր Դադասյանի համար հասկանալի չէ՝ ինչու նախարարությունը որևէ լուծում չի գտնում, ըստ որի հնարավոր կլինի շենքը պահպանելով՝ այնտեղ թատրոնին տարածք տրամադրել:
Factor.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց նաև Մշակույթի նախարարությունից: Լիլիթ Մակունցի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը տեղեկացրեց, որ թատրոնի շենքի հետ կապված առաջարկությունների փաթեթը ներկայացվելու է Ժիրայր Դադասյանին։ Հետագա զարգացումների վերաբերյալ նախարարությունը կիրազեկի լրատվամիջոցներին։ Մանրամասները՝ տեսանյութում։