Մանկավարժի խոսք Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
2018-08-31 21:43:00
Յուրովի ամեն տարվա այս օրերն իրար նման ու տարբեր են, նոր հույզերով ու ապրումներով, նոր հայացքներով ու կարծիքներով, նոր տրամադրությամբ, որ երբեմն մոռացության են տալիս անցած ուստարիների ապրած մտահոգությունները, այն բոլոր հաջողությունները, որ ձեռք ենք բերել ուսումնական գործընթացում, երբ մեր օրերում նոր նպատակներ ու հեռանկարներ են ծնվում, դրանք իրականացնելու նոր մտահղացումներ:
Թերևս քաղաքական դաշտում այնքան իրադարձություններ չեն կատարվել նախորդ տարիներին, որքան այս վերջին ամիսների ընթացքում՝ կապված հայաստանյան իշխանափոխության հետ: Նույնիսկ այնպիսի ազատություն չի ապրել դպրոցականն իր կյանքում, որքան այդ ամիսներին, ովքեր ընդդիմացան անգամ իրենց դասավանդող ուսուցիչներին և տնօրեններին: Ոչ մի անգամ ուսուցչի կերպարն այնպես չի իջել ու ստորադասվել շատերից, որքան տեսանելի դարձավ մեզ վերջին ամիսներին: Երբևէ ծնողը այնպես չի բարձրաձայնել իր իրավունքների համար, որքան այս անգամ ականատես դարձանք հայաստանյան որոշ դպրոցներում:
Արցախը զերծ մնաց նման բացասական երևույթներից, որ ստեծվել էին անօրինությունների, կաշառակերության արդյունքում, բայց այն զգոնության ահազանգ էր կրթության համակարգի բոլոր այն աշխատողների համար, ովքեր իրենց իրական լուսավոր կերպարը կորցրել, հանձնվել էին բարվոք կյանք կառուցելու կեղտոտ ճանապարհին:
Ոչ մի անգամ սեպտեմբերի 1-ին այնպիսի անհանգիստ ապրումներ չենք ունեցել, ինչպես հիմա, երբ նույնիսկ մեր դասղեկական դասաժամերի թեմաներն են փոխվել, դարձել քննարկման նյութ, երբ Արցախում ապրող դպրոցականին անգամ հետաքրքրում է, թե ինչով են պայմանավորված հայաստանյան իրադարձությունները, որ մուտք գործեցին նաև դպրոց:
Այսօր, քան երբևէ մենք ասելիք ունենք մեր դպրոցականներին, որ կյանքն այնքան էլ սահուն չէ, ու մարդիկ էլ նույն մտածողությամբ չեն առաջնորդվում, բայց դատապարտելի է այն ուսուցիչը, ով ազնիվ ապրելու և սերնդին անբիծ ճանապարհով տանելու իր սուրբ երդումից շեղվում է: Դպրոցականը կհասկանա, որ հեղինակությունը կորցրած ուսուցիչը, եթե պարզերես չէ աշակերտների, նրանց ծնողների ու գործընկերների կողքին, ապա նա դպրոցի համար պիտանի չէ: Նաև կգիտակցի, որ ինչքան էլ կյանքը փոխված լինի, ուսուցիչը պետք է մնա իր կերպարում, դառնա ընդօրինակման արժանի, կրթի սերնդին, դատապարտի այն բոլոր անհարիր երևույթները, որոնք վնասում են ուսումնադաստիարակչական գործին:
Նոր ուսումնականն իր հետ բերում է նոր խնդիրներ՝ կապված համակարգում առկա բազմաթիվ մտահոգությունների հետ: Այն շարունակական բնույթ է կրում, բայց երբեմն այնքան խտացված թերություններ են բացահայտվում, որ ուսուցչից կախված չեն: Երբեմն դեռահասների՝ մեզ ուղղված ճշմարտացի հարցերն անլուծելի են դառնում, երբ մենք չենք դասագրքի հեղինակը կամ ծրագիր կազմողը, երբ մենք չենք օրենքներ, չափորոշիչներ ընդունողները, ու դառնում ենք կատարողներ, ձգտում մնալ ուսուցչի մեր անբասիր կերպարում, որ մեր սովորած լույսը ամենուր սփռենք՝ մնալով մեր գործի ազնիվ նվիրյալներ:
Նոր ուստարվա առիթով շնորհավորում եմ կրթության ու գիտության համակարգի աշխատողներիս, բոլոր սովորողներին, ցանկանում ստեղծագործական նոր վերելքներ, անբասիր ու մաքուր աշխատանք, մեծ զսպվածություն, ուսումնական գործունեության վերանայում, դժվարությունների հաղթահարում, միմյանց հետ ազնիվ հարաբերությունների հաստատում...Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ առանձնակի շնորհավորանքս բոլոր այն մանկավարժներին, ովքեր երկարամյա աշխատանքային գործունեությունից հետո տարիքային հանգստի են անցել ու այս օրերին ափսոսանքով են նայում իրենց անցած ճանապարհին: Հավատարիմ լինենք մեր սկզբունքներին, դատապարտենք նաև այն բոլոր բացասական որակները, որոնք խաթարում են սերնդի ուսման ու դաստիարակության անաղարտ գործին:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 9910 անգամ