Կոնգրեսականը հարցազրույցը տվել է Horizon Live հաղորդման շրջանակում` ընդգծելով, որ Ուորլիքի նման դիրքորոշումը պարարտ հող է ադրբեջանական ագրեսիայի ծավալման համար։ Շիֆը մանրամասնել է, որ այս մտահոգություններն ինքն արտահայտել է ամերիկացի համանախագահին ուղղված նամակում, որում նշել է, որ «Ադրբեջանն այս հակամարտության ռազմատենչ կողմն է»։
«Ադրբեջանը շփման գծում կրակում է տանկերից, ծանր հրետանուց, օգտագործում է դիպուկահարներին` հայ զինվորներին սպանելու համար: Այդ ամենն անչափ վտանգավոր է: Ադրբեջանի ներսում ժողովրդի դժգոհությունը գնալով աճում է, տնտեսությունը թուլանում է, նավթի գներն ընկնում են և, ըստ այդմ, բռնապետության դիրքերը թուլանում են: Ուստի` ստեղծված իրավիճակում Իլհամ Ալիևը, հետևելով բռնապետերի մեծ մասի օրինակին, թեժացնում է հակամարտությունը, լարվածություն ստեղծում շփման գծում, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից»,-նշել է Շիֆը:
Այնուհետև կոնգրեսականն անդրադարձել է շփման գծում կրակոցների արձակման վայրը ֆիքսելու համար նախատեսված հատուկ սարքավորումների կիրառման հարցին` հիշեցնելով, որ Հայաստանն ու ԼՂ-ն իրենց համաձայնությունը տվել են, իսկ Ադրբեջանը` ոչ: «Դրանից ելնելով` աշխարհը պետք է հասկանա, թե սադրող կողմը որն է»,- բացատրել է ամերիկացի պաշտոնյան:
Բացի այդ, Շիֆը խոսել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովումհակահայկակական բանաձևերի մասին` ենթադրելով, որ դրանց քանակը չի պակասելու: Շիֆը շարունակել է` ասելով, որ անհրաժեշտ է համախմբված պայքարել դրանց դեմ։
Այս նյութը դիտել են - 1270 անգամ