ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ...
2016-02-06 11:49:00


  

 

 

 

 

 

 

 

 

Այն, որ միշտ գրում են, թե Հայաստանում ԱԻՆ-ը լավ է աշխատում և ծառայությունն էլ անվճար է՝ չէի հավատում:  

Երկար տարիներ բնակվելով Լոս Անջելեսում մտովի միշտ զուգահեռներ եմ անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահագների 911 ծառայության՝ Շտապօգնության, Ոստիկանության, Հրշեջ ծառայության, կարելի է ասել՝ անթերի սպասարկման հետ: Համեմատում էի, ու էլի չէի հավատում, Հայաստանում լավ ծառայություն և անվճա՞ր: 
Բայց մի շատ ճիշտ խոսք էլ կա՝ մեկ անգամ տեսնելը՝ հազար անգամ լսելուց լավ է: Ու ես տեսա....
 Վերջերս, տխուր դեպքի պատճառով ընտանիքով Երևանում էինք: Մի քանի օր անց, առավոտյան, երբ տանից ուզում էինք դուրս գալ, դուռը բանալիով ներսից չէինք կարողանում բացել: Անելանելի իրավիճակում էինք: Տան դուռը չէր բացվում, լուսամուտները ճաղավանդակով էին, դուռն էլ՝ երկաթյա: Այդ ընթացքում առանց այն էլ տխուր վիճակում՝ մայրս իրեն վատ էր զգում: Մոտ մեկ ժամ փորձում էինք բացել դուռը, բայց՝ ապարդյուն:
 Հարազատներիս խորհրդով դիմեցի ԱԻՆ-ի 911 ծառայություն: Ա՛յ քեզ զարմանք...Դեռ չէի վերջացրել հաղորդագրության կանչս, երբ ԱԻՆ-ի աշխատակցուհին ասաց, «...խնդրում եմ, պատուհանից նայեք, փրկարարական մեծ մեքենան ձեր շենքի մոտ է»: 
Իրոք, նայեցի պատուհանից և տեսա փրկարարական մի մեծ մեքենա, որից դուրս եկան մոտ 1Օ փրկարար, ովքեր րոպեների ընթացքում դրսից բացեցին դուռը՝ առանց վնասելու դռան փականը:
Նրանց կատարած աշխատանքի համար որպես շնորհակալություն, ցանկացա USArmenianews.com լրատվական կայքով ներկայացնել կատարվածը, նկարել բոլոր փրկարարներին: Նրանք մեղմ ժպիտով հրաժարվեցին նկարվելուց՝ ասելով, որ դա իրենց աշխատանքն է և կարիք չկա իրենց նկարելու: Ինձ միայն հաջողվեց նկարել փրկարարներից երկուսին: Տեղեկացա նաև, որ նրանք Նոր Նորք բաժնի 9-րդ Հրշեջ Փրկարարական Ջոկատի տղաներն էին: 



   
 
 
 
 
 
 
 
USArmenianews.com լրատվական կայքով շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Տարածքային Կառավարման և Արտակարգ Իրավիճակների Նախարարությանը՝ հանձինս նախարար պրն. Արմեն Երիցյանին, ով հիանալի, օպերատիվ ու անթերի համակարգում է հիշյալ նախարարությունը: 
Հ.Գ. Այս դեպքից հետո, որպես սփյուռքահայ, վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում դեռ ամեն ինչ կորած չէ...  
Հուսանք, որ մյուս նախարարություններն էլ իրենց օպերատիվ, անթերի ու անվճար ծառայություններով օգտակար կլինեն հանրությանը՝ մասնավորապես այն նախարարությունները, (ոստիկանություն, առողջապահություն), որոնց աշխատանքից  է կախված փրկել մարդկային կյանքեր:

Կրկին ու կրկին շնորհակալություն, Նոր Նորք բաժնի 9-րդ Հրշեջ Փրկարարական Ջոկատի տղաներին:

Գայանե Մանուկյան
ԱՄՆ

Այս նյութը դիտել են - 24270 անգամ