Արձագանք նրանց, ովքեր դեմ են աշակերտների՝ զինվորի մասին շարադրություններ գրելուն
2018-09-14 23:33:00
Մի՞թե մեր օրերում կան մարդիկ, առավել ևս՝ մանկավարժներ, ովքեր բացերես կարող են դեմ արտահայտվել աշակերտների ստեղծագործական ոգեշնչվածությանը, որի առանցքում այն զինվորն է, ով սահմանին կանգնած պաշտպանում է բոլորիս անվտանգությունը: Այս օրերին ես ընթերցում եմ նույնիսկ դպրոցն ավարտած մեր շրջանավարտների տողերը, որոնք սուրբ մասունքի պես պահպանել եմ, այն շարադրությունները, որոնցով մրցանակային տեղեր են զբաղեցրել նրանք տարբեր ժամանակներում, արժանացել պատվոգրերի, նվերների, դրամական պարգևների՝ մասնակցելով Արցախի պաշտպանության ու կրթության, գիտության և սպորտի նախարարությունների կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների: 
Այստեղ սրտի խորքից բխած տողեր են, շարադրությունների պատառիկներ, որ մեր դպրոցականներն ուղղել են գաղափարի զինվորին՝ իրենց խաղաղ կյանքի երաշխավորը համարելով նրան, ում չեն ճանաչում, բայց հարազատի զգացողությամբ մտերմորեն զրուցում են նրա հետ:
Արզումանյան Լադա-«Զինվո՛ր, ես ամեն օր հանգիստ գլուխս բարձին եմ դնում` իմանալով, որ դու սահմանին կանգնած ես: Դու իսկական հերոս ես, ազգի ցավն ու նահատակվածների հերոսական ոգին ունես քո սրտում, մեր հավատն ու օրհնանքը՝ քո ճանապարհին: Մեր շնչով, ծիծաղով, խոսքով ու կյանքով ենք քեզ պարտական, իմ զինվո՛ր եղբայր: Հայրենիքիս կյանքը, անուշ երազներով քունը, մեր լեզուն, ազգիս հարատևելը քո ձեռքերում է, քո ափերի մեջ: Պատերազմ տեսած հայուհու աչքերով այսուհետ ուզում եմ խաղաղություն տեսնել թե՛ քո հոգում, թե՛ մեր հայրենիքում, պաշտպանի՛ր մեզ, որ հայոց յուրաքանչյուր բացվող օրվա համար խաղաղ լուսաբացներ լինեն ու կապույտ երկինք»:
Անդրյան Անգելինա -«Ես ապրում եմ իմ հայրենի Մարտակերտում, հայոց հողի վրա, իմ տանը` իմ զինվորի թիկունքում, և թող նա իմանա, որ ինքն էլ պաշտպան ունի, աջակցող: Եվ ինչքա~ն լավ է, որ այս մի գիշերն էլ անցավ, նորից ուրախ եմ, որ առավոտը բարի էր ու շատ խաղաղ, և այդ օրը ես չտեսա այն սև գույնը և չզգացի այն տհաճ հոտը պատերազմի... Իմ օրերը լռությամբ են շաղախված, ունեն տխրության համ: Սառած քամին գրկել է հոգիս, սփոփում է ինձ… Անձրևին զուգընթաց` լացում են նաև հիշողություններս: Զինվո՛րս, դու ինձ պաշտպանի՛ր, ես` քեզ, բայց մի՛ մոռացիր գույնը պատերազմի…»:
Գրիգորյան Սեդա- «Իմ հայրենիքն այստեղ սկսվում է սահմանից, որտեղ ես ապրում եմ: Այստեղ տանտիրոջ իրավունքով, տանտիրոջ գորովանքով ենք սիրում մեզնից ոչ հեռու ապրողների խաղաղ ու անվտանգ գոյության երաշխավորին` հայ զինվորին: Ուզում եմ վարակել բոլորին այն համոզմունքով, որ աշխարհի ամենակարևոր ու ամենաթանկ վայրը մեզանից ոչ հեռու գտնվող խրամատն է, որը պաշտպանում է երկրիս ամենախիզախ հայ զինվորը: Նաև հավատացած եմ, որ աշխարհի բոլոր քաղաքացիների մեջ ամենից շատ հայրենասերները հայրենիքի դարպասների մոտ ապրողներն են, անքուն գիշերներից հետո առավոտյան հանգիստ ընթացքով մանկապարտեզ, դպրոց ու աշխատանքի շտապող սովորական մարդիկ, բոլոր նրանք, ովքեր կառչած են այս հողին և իրենց կիսաքանդ օջախներին»:
Հարությունյան Շուշան- «Քո հայացքում ես գտա իմ հերոսին՝ իմ իրական ու ժամանակակից հերոսին, իմ զինվո՛ր: Ես քո մասին չեմ ընթերցում գրքերից, քեզ չեմ դիտում ֆիլմերում, այլ քեզ զգում եմ ինձանից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ: Դու ընդամենը տասնութը բոլորած մի պատանի ես, բայց հավատում եմ, որ դու հոգով մի դար ես, մի պատմություն, քանզի կյանքի ու մահվան մեջտեղում կանգնողը չի կարող գաղափարի զինվոր չլինել: Ինչպե՞ս դիմեմ քեզ, ի՞նչ անուն տամ, ինքս էլ չգիտեմ: Ինչ անուն էլ տամ, գիտեմ, որ դու հայ զինվոր ես, հայ մարտիկ, հայ նվիրյալ...Հավատա΄, ես քո կողքին եմ, մենք բոլորս ենք իրար թև ու թիկունք, քանզի սերված ենք մի սերնդից, ով կարողացավ «ո՛չ» ասել բռնատիրությանը, ով փայլուն հաղթանակ տարավ իր ոգեղեն ուժով... Չվախենաս, զինվո΄ր, իմ աղոթքներով զորավիգ եմ քեզ ու միշտ քո կողքին: Թո΄ղ մահը վախենա ու չմոտենա քեզ:
Հակոբյան Լուսինե-«Ես դեռ պահում եմ գրքի արանքում քո չորացրած թիթեռնիկներին ու կպահեմ մինչև քո գալստյան մասին ավետիս ստանալը: Իմ գտած ամենաթանկ ադամանդը քո կամքն է, քո երազանքը՝ ազատ հայրենիքը, որը ես կպահեմ այս գրքի թերթերի մեջ չորացրած թիթեռնիկների նման… Դու հայրենիքի պաշտպան ես, հայրենիք, որտեղ սիրում են, ապրում, արարում, ձուլվում երազին, որի խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու, որի համար կռվի են ելնում առանց հրամանի, որին կարոտում են հեռվից, և այդ կարոտից ծնված երգեր են հյուսում ու արտասվում օտար ափերում դեպի անհայտություն լողացող առագաստների վրա: Հայրենիք, որը կորցնելուց հետո էլ ոչինչ չի մնում կորցնելու, որովհետև առանց նրա հացը անաղ է դառնում, լեռները՝ քարերի կույտ, անձրևը՝ ջուր սովորական, ծաղիկները` բույս ամենօրյա...»:
Կարապետյան Տաթևիկ-«Շուրթերս սովորել են ամեն անգամ խաղաղության համար աղոթել, այն իմ բոլոր աղոթքների «նախաբանն» է, խտացված ողջ բովանդակությունը, երբ ինքս էլ ապրիլյան պատերազմի ականատես եմ: Եկեղեցում երբ տեսնում եմ աղոթող զինվորներին, մոմերի լույսերն ավելի վառ են երևում աչքիս, այդ լույսերին ձուլված՝ լսում են նրանց՝ հոգուս հարազատ դարձած թափանցիկ աղոթքները, որոնք նաև իմն են դառնում, երբ գիտեմ, որ այդ աղոթող ձեռքերն են, որ, զենքն ամուր բռնած, կերտում են մեր խաղաղությունը։ Աշխարհը թող հպարտանա իր հանրահայտ դեմքերով, որոնց ծնել է իրենց հողը, մենք ավելին ունենք հպարտանալու, երբ մեր կողքին ունենք նաև հայոց բանակի զինվոր, ում համար օսկարն իր զենքն է, զինվորական համազգեստը՝ ամենատոնականը, իսկ հողը՝ ներշնչանքի աղբյուրը»։
Կարապետյան Արմինե-«Իմ զինվո՛ր եղբայր, ուզում եմ միշտ իմանաս, որ եկեղեցում վառածս մոմերից մեկը միշտ քեզ համար է, գիշերվա աղոթքներս քեզ համար են, նաև` Արցախիս խաղաղության համար: Զինվո՛ր, զգո՛ն եղիր, հպա՛րտ, ուժե՛ղ եղիր, քանզի հաղթանակը կախված է որակից, այլ ոչ թե քանակից, իսկ թշնամին չունի այն ոգու ուժը, որն ապրում է քո մեջ: Ուզում եմ իմանաս, որ թիկունքում մենք քեզանով ենք ոգեշնչվում, քեզանով ապրում, խաղաղություն, համբերություն ու բարի հերթապահություն քեզ: Սպասի՛ր, որ մի օր էլ ես կգամ քեզ հերթափոխելու, իմ եղբա՛յր զինվոր»: 
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8637 անգամ