ՀՀԿ-ն զրկում է դաշնակներին սիրելի զբաղմունքից...
2016-02-06 20:10:00

Ծառուկ Սարգսյան

Ի՞նչ բեռի մասին են սրանք խոսում

Կոալիցիոն հանգուցալուծումը ոչ մի գնով գլուխ չի գալիս: Այս ընթացքում ընդամենը հստակեցվեց «Բարգավաճ Հայաստանի» ճակատագիրը: ԲՀԿ-ն հայտարարեց, որ որևէ կոալիցիայի մասին մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները խոսք չպիտի գնա, և ինքը կմնա ընդդիմադիր դիրքերում:

Բայց եթե «Բարգավաճը» հաշտվեց իրեն բաժին հասած լուսանցքային դերի հետ, ապա Դաշնակցությունը հիմա էլ խճճվել է մեկ որիշ պատմության մեջ: Եթե մինչև այս ՀՅԴ-ականները վստահ էին, թե տիրոջ իրավունքով կմտնեն կառավարություն, կվերցնեն իրենց ուզած պորտֆելներն ու կանցնեն գործի, ապա այս պահի դրությամբ ոչ միայն պորտֆելները դեռ չկան, այլև ՀՀԿ-ն խոսում է մեկ այլ լրացուցիչ հանգամանքի մասին: Խոսքը կոալիցիոն համաձայնության մասին է, որը ենթադրում է ոչ թե պատասխանատվություն այս կամ այն պորտֆելի համար, այլ ամբողջական պատասխանատվություն: Այս դրույթն ավելի պարզ արտահայտեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ասաց. «Եթե գնում է կոալիցիոն սկզբունք, դա նշանակում է կրել միասնական ամբողջ պատասխանատվությունը: Դա նշանակում է տարանջատումներ չանեն, ինչպես նախորդ մեր գործընկերները, որ կոալիցիայից դուրս էին գալիս և սկսում էին մեկնաբանություններ տալ այն ոլորտների մասին, որոնք որ իրենք ղեկավարել են: Բայց որտե՞ղ մնաց կոալիցիոն համագործակցությունը: Կոալիցիոն համագործակցությունը մենք պատկերացնում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը՝ և՛ դրականին են իրենք տեր, և՛ բացասականին»:

Այս ամենը շատ գեղեցիկ է հնչում՝ մի բացառությամբ միայն: Ինչի՞ մասին են սրանք խոսում: Ի՞նչ պատասխանատվություն: Այդ ի՞նչ բան է: Ո՞վ է մինչ օրս տեսել, որ որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատվություն կրի: Վերևից ներքև ձախողումներով լի երկրում որևէ քաղաքական ուժ երբևէ կրե՞լ է այդ պատասխանատվության բեռն ու պատժի ծանությունը: Եվ, ի վերջո, ինչպե՞ս է դա արտահայտվում: Օրինական երկրում պետք էր կարծել, որ եթե որևէ մեկն ինչ-որ բանի համար պատասխանատվություն է ստանձնել ու չի արդարացրել սպասելիքները, ապա պիտի հատուցի օրենքի ողջ խստությամբ՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով կամ գոնե սեփական կարիերայի ավարտով: Հայաստանում ո՞վ է հիշում նման նախադեպ:

Այնպես որ, երբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանավիճում են պատասխանատվության շուրջ, սկսում ես մտածել, որ կամ երկուսն էլ կորցրել են իրականության զգացողությունը, կամ խոսքը մի բանի մասին է, որը միայն իրենք են տեսել ու գիտեն:

Բայց, այնուամենայնիվ, Հանրապետականի դիրքորոշումը ողջունելի է և սկզբունքորեն ճիշտ: ՀՀԿ-ն դաշնակներին փաստորեն ասում է, որ այլևս թույլ չի տա նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտում խաղալ, ազնիվ ձևանալ, ընտրողների աչքին թոզ փչել` միաժամանակ լափելով պետբյուջեն և վայելելով օլիգարխիկ երկրի բոլոր հաճույքները: Սա արդեն նման է պետական իշխանությանը հարիր դիրքորոշման:



Shame.am

Այս նյութը դիտել են - 1479 անգամ