Ու թող հայ ժողվուրդը գնա, մատաղ անի դեսպան Անդրանիկ Մանուկյանի ոտքերի տակ...
2016-02-06 20:45:00

 

Անդրանիկ Մանուկյանն ավելին է, քան Հայաստանը

Օսկան Քոչարյան

Դեսպանը տոնում է իր չկայացած հաղթանակը

Ինչպես հայտնի է, հունվարի 26-ինՍտրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստին, քվեարկության էին դրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, որը մերժվեց ձայների՝ դեմ 70, կողմ՝ 66 և ձեռնպահ՝ 45 հարաբերակցությամբ: Մասնավորապես հայտարարվեց, որ Ուոլթերի, ինչպես նաև Մարկովիչի զեկույցների ընդունմանը կողմ են քվեարկել Ուկրաինայի պատվիրակության բոլոր անդամները:


Այնուհետև Ազգային ժողովում տեղեկացվեց, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունն ունի 12 անդամ: Ուոլթերի զեկույցի քվեարկությանն Ուկրաինայի պատվիրակությունից մասնակցել է 4 հոգի և բոլորն էլ կողմ են քվեարկել: Իսկ Միլիցա Մարկովիչի զեկույցի քվեարկությանը մասնակցել են 10 հոգի, որոնցից 9-ը կողմ են քվեարկել՝ 1-ն էլ ձեռնպահ:

Ահա այսպիսի պատկեր ունենալուց հետո պիտի որ անսովոր լիներ լսել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հավաստիացումներն այն մասին, թե Հայաստանը Ստրասբուրգում մեծ հաղթանակ տարավ բացառապես ուկրաինացիների և մասնավորապես իր շնորհիվ: Եվ որպեսզի դա հնչի առավելագույն հավաստի, Անդրանիկ Մանուկյանն էլ իր թվաբանությունն ու մեկնաբանություններն է բերում: «Ադրբեջանը վստահ էր, որ Ուկրաինան ամբողջությամբ իրենց կողմն է կանգնելու իր 12 ձայնով: Ինչպես հայտնի է` Ուոլթերի նախագծի անցկացմանը պակասում էր 4 ձայն: Ուկրաինական պատվիրակության մի 4 անդամ է կողմ քվեարկել, 1-ը` ձեռնապահ, 7-ը չի մասնակցել քվեարկությանը: Այսինքն, 12-ից 8-ը չեն քվեարկել Ադրբեջանի օգտին»,- բացատրում է դեսպանը:

Թվերի հետ իր հարցերը լուծելուց հետո Մանուկյանն անցնում է գլխավորին՝ հետկուլիսային ջանքերի գործադրմանը: «Նման խոշոր հարցերում, երբ ադրբեջանական և հայկական ողջ դիվանագիտական, պատգամավորական կորպուսը աշխատում էր այդ ուղղությամբ, նման խոշոր հարցերում պատահականություններ չեն լինում: Ես սա հատուկ նշում եմ, որոշ պաշտոնյանների համար, և պատահական չէր, որ 8 պատգամավոր չմասնակցեց ու չքվեարկեց Ադրբեջանի օգտին: Ու հակահայկական փաստաթուղթը չընդունվեց: Ես արձանագրում եմ, որ այդ 8 պատգամավորների քայլի արդյունքում չանցավ նախագիծը, և մենք ունենք հաղթանակ: Այդ 8 պատվիրակներն այդ քայլն արեցին ոչ թե Հայաստանի խաթեր, այլ հասկանալի պատճառներով, չեմ կարող մեկնաբանել»:

Ահա և ձեզ ամենափայլուն բացահայտումը: Ուկրաինան ոչ մի բան չի պատրաստվում անել Հայաստանի խաթեր: Նա կարող է միայն ու միայն մեծ զոհողությունների գնալ Անդրանիկ Մանուկյանի խաթեր, որովհետև Հայաստանն ո՞վ եղավ, որ ոտք մեկնի Մանուկյանի հետ: Ու թող հայ ժողվուրդը գնա, մատաղ անի դեսպանի ոտքերի տակ, որ ամեն օր իր համար խոշոր հաղթանակներ է նվաճում՝ համաձայն սեփական հաշվարկների: Մի մատաղ էլ թող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անի հատուկ իր անունից, որովհետև դեսպանը նրան փրկել է խոշոր խայտառակությունից:

 


Shame.am

Այս նյութը դիտել են - 1348 անգամ