Փաստացի հայտարարություն է արվել, որ Ս. Սարգսյանը գիտի ու թաքցնում է Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին...
2016-02-06 21:53:00

«Արամ Զավենի Սարգսյանը այնպիսի կարեւոր հայտարարություն է արել, որը կարող է եւ նորովի լույս սփռել Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման ուղղությամբ»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ Սաքունցի՝ Արամ Սարգսյանն իր հայտարարությամբ հասկացրել է, որ Ս. Սարգսյանը հանցագործության մասին տեղեկություններ ունի եւ որ թաքցնում է այդ տեղեկությունները եւ խոչընդոտում գործի բացահայտմանը:

Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանն ասել է. «Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղի՞ց էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետեւ Սերժ Սարգսյանն ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:

Սա, ըստ իրավապաշտպանի, հանցագործության մասին իմանալ եւ չհայտնելու մասին հայտարարություն է:

«Եվ նաեւ կոնկրետ անձի անուն է նշվում: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանին պետք է անպայման հարցաքննել, որովհետեւ դուրս է գալիս, որ հանցագործությունը կազմակերպիչների մասով նրան հայտնի է (ընդ որում, պետական մասշտաբի մասին հանցագործության մասին է խոսքը): Իսկ Սերժ Սարգսյանը, եթե ելնենք Արամ Զավենի Սարգսյանի խոսքերից, այսքան տարի թաքցրել է արդարադատությունից եւ ՀՀ իրավապահ մարմիններից հանցագործության կազմակերպիչներին, ապա նրա նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրել նաեւ հանցագործությունը կոծկելու փաստի հիմքով»:

Ըստ Սաքունցի՝ խոսքը վերաբերում է օրենքի տրամաբանությանը: Այս դեպքում ստացվում է, որ երկրի օրենքի երաշխավորը, ով պետական մասշտաբի հանցագործություն է թաքցնում, նաեւ հանդես է գալիս Սահմանադրության անունից:

«Խնդիրն այն է, որ Արամ Զավենի Սարգսյանի հայտարարությունից հետո օրենքի ուժով պետք է սկսվի իմպիչմենտի գործընթաց Ս. Սարգսյանի նկատմամբ, որովհետեւ, նորից եմ կրկնում, հանրապետության ԱԺ-ի նախագահի՝ երկրորդ դեմքի, երրորդ դեմքի՝ վարչապետի, տեղակալների, ԱԺ նախագահների սպանության մասին է խոսքը եւ նաեւ ԱԺ-ի՝ որպես օրենսդիր մարմնի դեմ ահաբեկչական գործունեության կազմակերպիչների մասին է խոսքը: Այնպես որ, օրենքն է թելադրում, որ պետք է սկսվի իմպիչմենտի գործընթաց եւ եթե չի սկսվում, ՀՀԿ կայուն քաղաքական մեծամասնությունը պատասխանատվություն է կրում պետության դեմ կազմակերպված հանցագործությունը թաքցրած անձին՝ Սերժ Սարգսյանին հովանավորելու մեջ:

Դա հանրության դեմ մարտահրավեր է, դուրս է գալիս, որ հանցագործությունը շարունակում է մնալ չբացահայտված, իսկ հանցագործության կազմակերպիչները շարունակում են վտանգ ներկայացնել ՀՀ-ին եւ յուրաքանչյուր անձին»:

Ըստ Սաքունցի՝ այնուամենայնիվ, ճանապարհներ կան, եւ գործի բացահայտումը կախված է նաեւ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների կամքից.

«Պետք է առնվազն այդ հարցով հետամուտ լինել, ոչ միայն հայտարարել, այլ նաեւ համապատասխան իրավական ընթացք տալ»:

Քրիստինա Մկրտչյան


Galatv.am

Այս նյութը դիտել են - 1657 անգամ