Արսեն Բաբայանը սեփական հայեցողությամբ խախտել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածը...
2016-02-07 03:55:00

Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական գործունեության սահմանափակման դեպքերը հետզհետե ավելի հաճախակի են
դառնում: Լրագրողների մասնագիտական գործունեությունը երբեմն սահմանափակվում է մամուլի հետ աշխատող պաշտոնյաների կողմից, այնինչ յուրաքանչյուր ազատ երկրում պետք է լինի ճիշտ հակառակը:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը վերջերս տեղեկացավ, որ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հրաժարվել է  Xnews.am  էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողին և օպերատորին հավատարմագրելուց՝ ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար:

Արսեն Բաբայանը, խախտելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, հավատարմագրման ժամկետի ավարտից հետո նոր միայն լրատվամիջոցի ներկայացուցչին տեղեկացրել է, որ Xnews.am-ի լրագրողն ու օպերատորը չեն հավատարմագրվել, որովհետև ներկայացված դիմումը թերի է:

Արսեն Բաբայանը սեփական հայեցողությամբ խախտել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածը, այն է՝ պետական մարմինը պարտավոր է հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին, իսկ եթե հավատարմագրման հետ կապված խնդիրներ են առաջանում (անճշտությունների շտկում, պակասող փաստաթղթերի լրացում)՝ պետք է լուծել մինչև հավատարմագրման ավարտը կամ դրանից հետո փոխհամաձայնեցված ժամկետում:

Բացի այդ, Արսենը Բաբայանը Facebook.com սոցիալական ցանցի միջոցով է լրագրողին հայտնել, որ մերժել է հավատարմագրման մասին դիմումը, այնինչ մերժման հիմքը պետք է ներկայացնել գրավոր:

Այս մասին լռել է նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ում նշված էլեկտրոնային լրատվամիջոցը գրավոր դիմում-նամակ է ուղարկել Արսեն Բաբայանի որոշման մասին և պարզաբանում խնդրել: Լրագրողների իրավունքների ոտնահարմանը չի արձագանքել նաև ԱԺ նախագահը:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ ԱԺ նախագահին՝ վերահսկել Արսեն Բաբայանի աշխատանքները ոչ միայն հավատարմագրման, այլ նաև մրցանակների հանձնման և նրան վերապահված գործողություններում (մանրամասն՝ առաջիկայում) և հնարավորություն տալ Xnews.am էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչներին՝ լուսաբանել ԱԺ աշխատանքները և կանխել քաղաքականության ազդեցությունը լրատվամիջոցի վրա:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն


Այս նյութը դիտել են - 1739 անգամ