Ուսուցիչը միշտ էլ նյութապես անապահով է եղել, հոգով՝ հարուստ2018-10-14 11:02:00
Օրը կիրակի է, ու ես հյուր ունեի: Անծանոթ աղջիկը ներկայացավ, որ Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից է, պատահաբար հասցեներով ընտրվել են մարդիկ, որոնց հետ պետք է անցկացնել սոցհարցում: Հարցերը տեղին էին, բայց սպիացած վերքս նորից բացվեց, երբ հարցրեց, թե ինչպիսի հարմարավետությամբ եմ ապրում, և արդյո՞ք խոնավ է բնակարանս: Ես նրան ցույց եմ տալիս վերևի հարկից տարիներ շարունակ իմ բնակարան թափված ջրերի հետքերը, ու նրան տեսանելի են դառնում ծեփաթափ ու բորբոսնած պատերը: Նա զարմացած է, իսկ ես կարծես ուզում եմ ուշադրությունը շեղել նրան հյուրասիրած սուրճով, բայց նաև չեմ ուզում նվաստացած զգալ, որ ապրում եմ այդ պայմաններում:
Այն թղթերի էջերի վրա, որ գրում էր թվեր, նորից մի նոր ցավոտ հարցի առնչվեցի, թե ձմռանը ինչով եմ ջերմություն ապահովում իմ բնակարանում և ինչքան գումար եմ ծախսում: Ու ես, որ հազիվ էլեկրականությամբ հասցնում եմ ձմռանը տաքացնել միայն մեկ սենյակ, նրան եմ փոխանցում յուրաքանչյուր ամսվա ծախսած գումարը, որ մի գեղեցիկ թիվ է ստացվում: Նրան նորից շեղում եմ ինձ խոցող հարցից՝ սեղանին դրված իմ թխած կարկանդակից առաջարկում համտեսել:
Մի նոր հարց, թե արդյո՞ք ես այս վերջին տարիներին պարտքեր ունեմ կամ պետությունից վերցրած վարկ: Նրան բացատրում եմ, որ անցած տարվա իմ հրատարակած «Մանկավարժի օրագիրը», որ նվիրեցի ընթերցողներիս, իմ համեստ աշխատավարձով էր, ու հայտնվեցի պարտքերի մեջ, իսկ այս տարի այդ գրքի 2-րդ մասի հրատարակությանն օգնողներ կային, բայց մի որոշակի գումար դեռ պարտք եմ, իմ աշխատավարձով պիտի փակվի:
Իմ խոնավ պատերը, վերանորոգման կարիք ունեցող բնակարանը, որտեղ հարց կար նաև, թե վերջին անգամ երբ եմ վերանորոգել, որն անգամ չեմ հիշում, /դա հեռավոր անցյալում էր/, և գրքի համար ուսուցչի գրպանից սպառվող աշխատավարձը, որ պարտքերով էր ուղեկցվում, այս համեստ աղջկան «հունից հանեցին»: Զգացի, որ նա զարմանքից իրեն կորցրել է, ու լսում եմ նրա կցկտուր խոսքը՝ բայց ինչպե՞ս կարելի է... Ու ես ուզում եմ «սպանել» նրա զարմանքը՝ իր առջև դնելով իմ հրատարակած գրքերը:
Հետո չշարունակվեց սոցհարցումը, այն ընդհատվեց... Նա գնաց՝ իմ գիրքը ձեռքին, որ նվիրեցի իրեն: Նա գնաց՝ իմ հոգում թողնելով մի մեծ թախիծ, որ ուսուցիչը դժվար է ապրում, նյութապես անապահով, բայց հպարտ է, որ ինքն է դպրոցական նստարանից դաստիարակում և ուսում տալիս երկրի ապագա նախագահին, վարչապետին, բժշկին, տնտեսագետին, ուսուցչին ու շատ-շատերին:
Նա գնաց՝ նորից գալու մտադրությամբ, որ, չնայած դժվար ենք ապրում, բայց ուսուցչուհուս հետ զրուցելը շատ հաճելի է: Ես նորից համոզվեցի, որ մեր իմացությունը, մեր գիտելիքները, այն անցած հարուստ ճանապարհը մեր զենքն են, որ թույլ չպիտի տան նվաստանանք ոչ մեկի մոտ, ով էլ նա լինի՝ աշակերտ թե ծնող, պաշտոնյա թե մեծահարուստ, ովքեր ավելի թանկ բջջային հեռախոսներ կամ զարդեղեն ունեն, քան մենք՝ ուսուցիչներս, որ հաճելի զրուցել գիտենք, մեր մասնագիտությամբ հպարտանալ, որ հոգով հարուստ ենք, մեր գործին սիրահարված, որ ստեղծագործ միտք ունենք, գեղեցիկն արարելու կամք...
Այո՛, ցավալի է, երբ բարձր աշխատավարձ ստացող խորհրդարանի պատգամավորը խոսել չգիտի, ու նրա մոտ գրագիտության մասին խոսելն ավելորդ է համարվում, երբ անգրագետ ինչ-որ պետ գոռում է՝ չհասկանալով, թե ինչ ես ասում, երբ աթոռի հետևում նստած մի խաբեբա պաշտոնյա բղավում է ճշմարտությանդ վրա ու պարտադրում, որ դուրս գաս իր աշխատասենյակից, երբ մի ինչ-որ բաժնի տեր փորձում է թևաթափ անել քեզ՝ չտեսնելու տալով կատարածդ գործը, երբ ինչ-որ ինքնահավան ցուցադրաբար իրեն բարձր է դասում քեզնից, իր պաշտոնն ակնարկում, իբր հավերժական գահի է նստած...
Եվ որքա~ն շատ «երբ»-եր կան, որ բախվել եմ տարիների ընթացքում, բայց հպարտորեն եմ տարել նրանց կողմից ինձ հասցրած «նսեմացումը», երբ ամեն մի հարված ինձ վեր է բարձրացրել, որ արհամարհանքը զենք դարձնեմ նրանց համար՝ գիտակցելով, որ ուսուցիչը հենց իր ուսուցանելու և դաստիարակելու ունակությամբ շատ վեր է բոլորից, առավել շատ նրանցից, որոնց հակադրվել եմ, ու այսօր շատ ավելի հպարտորեն եմ քայլում՝ ուսուցչի իմ համեստ աշխատավարձով, իմ չվերանորոգված բնակարանով, իմ սովորական ապրելակերպով, և լայն սրտով ու հոգով, որ շատ-շատերի համար սիրով շռայլում եմ: Նաև վաղուց եմ համոզվել, որ նահանջն ինձ համար չէ, և խորհուրդ եմ տալիս բոլոր ուսուցիչներին, որ հպարտ լինեն, երբեք չընկճվեն, հենց նրա համար, որ իրենք ուսուցիչ են:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 9324 անգամ