Բուն Բարեկենդանը արդեն կայացած տոն է Հայոց համար...
2016-02-07 20:11:00
Հայ ժողովուրդը մշտապես կապված է եղել իր ազգային արմատներին, ասել է, թե ազգային տոներին և երկար ու ձիգ տարիներ հենց հայը իր ազգային տոների, հավատքի ու մշակույթի շնորհիվ է, որ ապրել է, կա ու կլինի հուր հավիտյան... Հայ ժողովրդի կողմից Բուն Բարեկենդանի տոնն ընկալվել է, որպես ամենաազգային, ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը և հատկապես Բուն Բարեկենդանի տոնը դարձել է համաժողովրդական տոն, որը հատկապես ներառել և հավաքական ուժ է ստացել:
Արդեն երրորդ տարին է, ինչ Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով կազմակերպում է Բուն Բարեկենդանին նվիրված տոնը: 
Այս տարի ազգային երգ ու պարով, դիմակավորված ԱՀԹ երիտասարդները, ինչպես նաև համքաղաքացիները Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց ուղևորվեցին Մաշտոցի պողոտայով, դեպի Ազատության հրապարակ: Ճանապարհին անցորդները սիրով միանում էին բարեկենդանյան ուրախ դիմակավորված մեծ շքերթին:
Շատերը Բուն Բարեկենդանի երթի մասնակիցներին դիմավորեցին արդեն Ազատության հրապարակում: Ամենուր տիրում էր տոնական բարձր տրամադրություն... Թատերական ներկայացումներ, ազգային երգ ու պար, Բուն Բարեկենդանին նվիրված խաղեր, ԱՀԹ երիտասարդների ձեռքով պատրաստված Բուն բարեկենդանյան ուտեստների հյուրասիրություն, նկարիչ հեղինակների կողմից ցուցահանդես- վաճառք, անակնկալ նվերներ, բարեկենդանյան մրցանակներ: Հանդիսատեսը ոչ միայն ներկա գտնվեց, այլ նաև ինքը մասնակիցը դարձավ այս հզոր ազգային-ժողովրդական տոնախմբությանը: Ուրախության, սիրո, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր էր նաև, որը կարծես հավատացյալ ժողովրդին հիշեցնում էր նախամարդկանց դրախտային երջանկությունը, սերն առ Աստված... Ուրախ էին բոլորը և որ ամենկարևորն է Երևանը ևս մեկ տոն ունի՝ Բուն Բարեկենդան:

Այս տարի Բուն Բարեկենդանի տոնին ընդառաջ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը համագործակցելով Արարատյան Հայրապետական թեմի հետ, կազմակերպել էին սպորտային մրցաշարեր, ինչն էլ իր զգալի հաջողություններն ունեցավ... Ազգային պարերի, խաղերի, զվարճահանդեսների՝ ուրախության երկու շաբաթ էր նախորդում Բուն բարեկենդանյան տոնին: Եվ այս գեղեցիկ ու հիշարժան տոնը մեզ պարգևելու համար առաջին հերթին շնորհակալ ենք Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոսին, ում օրհնությամբ և անմիջական աջակցությամբ էլ կրկին անգամ իրականացվեց Բուն Բարեկենդանի տոնը:
Եվ երկրորդ՝ ԱՀԹ-ի եկեղեցասեր երիտասարդներին ում նախաձեռնությամբ և եռանդուն ջանքերի շնորհիվ միջոցառումը լցված էր հոգևոր- մշակութային շնչով: Հիշեցնեմ, որ Բուն Բարեկենդանը Մեծ պահքի առաջին կիրակին է: Եկեղեցում ս. պատարագը մատուցվում է փակ խորանով: Ս. պատարագից հետո ժողովրդկան սովորության համաձայն սկսվում է տոնախմբությունը: Հաջորդ օրն արդեն մարդիկ մտնում են Մեծ պահքի շրջանն ու պատրաստվում Ս. Հարության տոնին: 
Արթուր Հայրապետյան 
  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այս նյութը դիտել են - 1455 անգամ