Ա տառի շնորհանդես, որ հավերժացավ այս փոքրիկների շուրթերին
2018-10-15 09:56:00
1-ին ա դասարանի դասվար Լիանա Ստեփանյանի կողմից հրավիրվեցի Ա տառի շնորհանդեսին: Այս օրերին դպրոցում կազմակերպված Սուրբ Թարգմանչաց տոնի միջոցառման հիշողությամբ, որ խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունն ու հայ դպրության սկիզբը, մտա դպրոցի դահլիճը մեծ հետաքրքրությամբ, թե ինչ անակնկալ էին պատրաստել այն հրաշք փոքրիկները, որ զարդարված բեմահարթակում էին՝ Մեսրոպ Մաշտոցի դիմանկարի ներքո, Ա տառի առատության մեջ:
Շնորհանդեսի բացման խոսքը պատկանում էր դասվարին, ով այդ երեխաների հետ նախապատրաստել էր խաղ-ճանապարհորդություն դեպի անծանոթ տառերի երկիր: Այդ զարմանահրաշ աշխարհի գաղտնարաններին ծանոթանալու համար պետք է գտնեին այդ երկիրը տանող դարպասի բանալին: Միայն Ա տառի բանալին գտնելուց հետո նրանց առջև կբացվեր գաղտնարանի դուռը, որտեղ «Այբբենարանն» է՝ դեռևս նրանց անծանոթ տառերի խորհրդավոր աշխարհը:
Շուտով կարմրակատար աքաղաղին կերպավորող աշակերտն ավետում է արշալույսը, արթնացնում բոլորին, աշուն-աղջիկն ուսումնական տարվա մեկնարկն է սկսում, նաև ցանկություն ունի տեսնելու, թե այս մեկուկես ամսում ինչ են սովորել աշակերտները: Ու հանդիսատեսի առջև այս հրաշք բալիկները հնչյունների աշխարհն են բացահայտում, Մաշտոցի անմահական գիրն արտաբերում, բառեր վանկարկում, նոր բառեր ձևավորում, ու երգն է հնչում ա տառի շուրջը, որ թռչունների արքա արծվի տեսքով է, ու պարի քայլերգն է հիացնում մեզ՝ ձեռքերի աջ ու ձախ շարժումով, այբուբենի, նապաստակի մասին երգով, արև-աղջկա խոսքով...
Այս փոքրիկների շուրթերով հնչած ամեն հնչյուն, ամեն բառ նոր շունչ ստացավ, սիրով ու ջերմությամբ լցրեց բոլորիս հոգիները՝ իրենց երգերի ելևէջներով, պարի շարժումներով, ասմունքով, հանելուկների մեկնաբանությամբ: Հայրենի երկրի ճանաչողության ու նրա հանդեպ սիրո արտահայտության դրսևորում էր նկար-պատմության բացատրությունը, որ ցուցադրելով, հրաշալի հնչերանգով ի ցույց դրվեց, որն արագիլների վերադարձի տեսքով հայրենիք ներգաղթող հայերին էր խորհրդանշում, ամենասուրբ Արարատ սարի ու Արարատյան դաշտավայրի տեսանելիությամբ:
Մաշտոցի գիրն անմահացավ առաջին դասարացիներին պարուրած ոգևորության, նրանց զարմացական, գուցե և ամաչկոտ հայացքների ներքո, նրանց ծնողների, ուսուցիչներիս պարուրած հիացմունքով, այն մեծ համոզմունքով, որ քանի կա հայոց գիրը սերունդների շուրթերին, կապրի ազգը՝ իր հարատևող շնչով, իր անպարտելությամբ, հայրենիքի սիրով, ու կհնչի հավերժ մեր մաքրամաքուր լեզուն. «Դու հնաբառ, Մեսրոպատառ, Աղբյուրի պես ջինջ ու կայտառ, Դու մոր նման միշտ տուն կանչող, Մայր հողի պես միշտ կանաչող...»:
Շնորհանդեսի վերջում շնորհակալական խոսք հնչեց ծնողական խորհրդի և դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի կողմից՝ ուղղված միջոցառման փոքրիկ մասնակիցներին և դասվար Լիանա Ստեփանյանին: Ծնողների անունից դասվարին ծաղիկներ նվիրեցին: Միջոցառումը շարունակություն ուներ, որն ավարտվեց դասարանում՝ փոքրիկներին հյուրասիրելով, մտերմիկ միջավայրում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 11579 անգամ