«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը հավակնում է դառնալ հայ ընդդիմադիր դաշտի գաղափարաստեղծ տեսաբան: Վերջինս շրջանառու է դարձնում սահմանումներ, որոնցով պիտի այսուհետ առաջնորդվեն քաղաքական ուժերը: Եվ, ընդհանրապես, Արամ Հարությունյանը շատ կցանկանար, ինչպեսև նրա ուսուցիչ Հայրիկյանը, որ հատկապես ինքը որոշեր՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, որն ինչպես պետք է անել և ինչը բնավ պետք չէ անել, որովհետև միայն նրա խորաթափանց հայացքը կարող է դիտել ամբողջ տեսադաշտն իր բոլոր նրբություններով:
Օրինակ, «Նոր Հայաստան» շարժման գործունեությունն, ըստ նրա, ընդունելի չէ: Բացատրությունն էլ հետևյալն է. «Սխալ է, որ մեկն ասի՝ եկեք, մյուսներն էլ գնան, միանան: «Նոր Հայաստան»-ը այսպիսի անհաջող փորձեր արդեն իսկ արել է, և կարելի է ասել` հետևողական չի եղել: Թվում է` հետևողական է, բայց այդպես չէ: Չի կարելի առանց կոնսուլտացիաների գնալ Ազատության հրապարակ ու նման քայլեր ձեռնարկել: Այսպիսի հարցերին հարկավոր է ավելի լուրջ վերաբերվել: Իրենք չեն որոշում, թե ով է ընդդիմադիրը»,- ասում է Հարությունյանը:
Իսկ ո՞վ է որոշում: Դե իհարկե՝ ինքը: Միայն նա գիտի, թե ինչ բան է ընդդիմադիրը, և ինքն է իրավասու այդ բարձր կոչումը շնորհել սրան-նրան: Եվ ուրեմն, հիմա ձեր ձեռքը վերցրեք գրիչները, քանի որ Հարությունյան Արամը թելադրում է իր վերջին կանոնը. «Ընդդիմադիր ուժն այն ուժն է, որը ժողովրդին չի հիասթափեցնում: Իսկ եթե մի քաղաքական ուժ չի նպաստում համախմբմանը, դա նշանակում է, որ տվյալ քաղաքական ուժն անուղղակի կերպով ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին»:
Նրանք, ում անհրաժեշտ է սերտել այս մեծագույն դասը, թող հենց հիմա լծվեն գործի: Իսկ մենք ընդամենը նկատենք մի աննշան շեղում: Եթե առաջնորդվելու լինենք «Ազգային համաձայնության» կուսակցապետի խոսքերով, ապա ստացվում է, որ Արամ Հարությունյանը երբեք ընդդիմադիր չի եղել, քանի որ մշտապես հիասթափեցրել է ժողովրդին: Արամ Հարությունյանը կրկնակի ընդդմադիր է, քանի որ միշտ ջուր է լցրել սրա-նրա ջրաղացներին: Եվ ուրեմն, ո՞վ է Հարությունյանը. ահա մի հարց, որը բազում հետաքրքրական պատասխաններ կարող է ունենալ:
Այս նյութը դիտել են - 1320 անգամ