Տարիներ առաջ, երբ Ավետիք Բուդաղյանի աղմկահարույց սպանությունից հետո հրաժարական տված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամիսներ անց նորից նշանակվեց նույն պաշտոնում, այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սարկազմով դիմեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Պատգամավոր Փաշինյանը ԱԺ-ում ընթերցեց Սուրիկ Խաչատրյանի կենսագրությունը և խնդրեց, որպեսզի նրան նախարարի կամ փոխնախարարի պաշտոն տրվի։
Հիմա, երբ Փաշինյանը վարչապետ է, և նախկին իշխանության ձեռքին ժողովրդի դեմ մահակ աշխատած Հունան Պողոսյանը նշանակվեց նույն Սյունիքի մարզպետ` մեր խմբագրությունը ստացել է մի նամակ, որով 60-ականներին ծնված քաղաքացին աշխատանք է խնդրում վարչապետ Փաշինյանից։
Մեզ դիմած քաղաքացին նախկին զինվորական է, 2003 թվականին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական բարձրագույն ակադեմիական կուրսերը՝ ստանալով «Պետության ռազմական անվտանգության» մասնագետի որակավորում է ստացել։
Մեզ դիմած քաղաքացին ոստիկանությունում կարևորագույն պաշտոն է զբաղեցրել։ Իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ անգամներ ճնշել է բողոքի դուրս եկած քաղաքացիներին։ 2016 թվականին, Հունան Պողոսյանի հետ միասին, ոստիկանության ներքին զորքերի օգնությամբ բռնություն է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, որի արդյունքում եղել են բազմաթիվ վիրավորներ, իսկ քաղաքացիներից մեկը կորցրել է աչքը։
Վարչապետից աշխատանք խնդրող քաղաքացին, ինչպես Հունան Պողոսյանը, ստացած աշխատավարձից տասանյակ անգամ ավել կարողություն է կուտակել։
Մեզ դիմած քաղաքացին պատրաստ է իր հետ աշխատանքի տանել իր եղբորը, որը մասնագիտացած է քաղաքացիների վրա նռնակներ նետելու մեջ։
Քաղաքացի Լևոն Երանոսյանը վարչապետ Փաշինյանից խնդրում է նախարարի, փոխնախարարի, կամ, վատագույն դեպքում՝ մարզպետի պաշտոն։
Politik.am
Այս նյութը դիտել են - 5078 անգամ