ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ով Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից, հիմքեր ունի հիացմունք պատճառելու իր հովանավորներին: Բանն այն է, որ թեկնածուն քիչ բանով է տարբերվում խորհրդարանում նստած ՀՀԿ-ականներից: Սա էլ է սիրում լավ ապրել և մեծ հարստություն կուտակել: Գուցե այդ բանը դեռ նրան չի հաջողվում այն ծավալներով, որ ցանկալի է, սակայն Թաթոյանը հետևողականորեն քայլում է դեպի իր նշանակետը:
Վերջինիս կողմից ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձի հայտարարագրում դրամական միջոցները ցնցումների մեջ դեռ չեն գցում, սակայն տպավորություն թողնում են: Թաթոյանի ի ցույց դրած փողերը կազմել են 15,9 մլն ՀՀ դրամ, 5550 ԱՄՆ դոլար և 8500 եվրո: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ սիրում է վարել LEXUS RX 330 և որ գումար է ստացել քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից՝ շուրջ 2,8 մլն ՀՀ դրամ ու 6 հազար եվրո:
Մեծ փողերն ու արդարությունը կարո՞ղ են ներդաշնակ գոյատևել: Այս հարցին թող ՄԻՊ-ը պատասխանի: Արման Թաթոյանը ստիպված կլինի սկսել ինքն իրենից: Սակայն բանը միայն սեփական նկարագրով ավարտվել չի կարող, քանի որ պաշտպանի աթոռը խոստովանահոր խուցը չէ: Իսկ Արման Թաթոյանը բավականին խելացի է: Նա երբեք չի կտրի այն ձեռքը, որն իրեն կերակրում է: Եվ ուրեմն արդեն իսկ պարզ է, թե ում իրավունքների համար կծառայի ապագա ՄԻՊ-ը: