«Եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը». Նիկոլ Փաշինյան:
2018-10-22 12:30:00

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարող է նորից կոչ անել ժողովրդին հավաքվել և ասել իր խոսքը։

«Եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վաղը՝ հոկտեմբերի 23-ին լրանում է վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետ ընտրելու առաջին շաբաթը: Եվս մեկ շաբաթ է պետք, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: Հոկտեմբերի 24-ին նախատեսվում է վարչապետի ընտրության հարցով անցկացնել առաջին նիստը։
«Կարո՞ղ են արդյոք լինել դավադրություններ, տեսականորեն՝ այո: Բայց եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, ես նորից այս ճանապարհով պետք է դիմեմ ձեզ, որ հավաքենք, ժողովուրդը հավաքվի և իր խոսքն ասի: Հետևեք իրադարձություններին, լինենք մշտական կապի մեջ, որպեսզի ըստ անհրաժեշտության շատ արագ կարողանանք կազմակերպել: Առաջիկա մեկ շաբաթը շատ վճռական է լինելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նա հույս հայտնեց, որ քաղաքական ուժերն սրան հակասող գործողություններ չեն անի. «Եթե անեն, դա կլինի իրավիճակը ապակայունացնելու և դրանից բխող հետևանքների քայլ»:
«Ես ուզում եմ նորից ասել, որ այսօրվա Սահմանադրությամբ իմ հրաժարականով ԱԺ-ն լուծարելուց բացի այլ տարբերակ գոյություն չունի: Սահմանադրական փոփոխություններ պետք է անեին, բայց մենք այդ ճանապարհով չգնացինք, որովհետև կարող էին լինել մեկնաբանություններ, թե ես կառչել եմ վարչապետի աթոռից և որևէ կերպ չեմ ուզում բաժանվել: Այս նրբություններն ինձ համար շատ կարևոր են»,- ասաց Ն. Փաշինյանը:
Այս նյութը դիտել են - 3683 անգամ