Հայաստանում բացակայում է կինոշուկան...
2016-02-08 11:53:00

Հիացմունքով, հիշողությունների խորը ցավով,կսկիծով դիտեցի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի ու նկարահանող խմբի «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» ֆիլմը; ՈՒ հիմա ոչ այն է՝ զարմանքով, ոչ այն է՝ զայրույթով ու հիասթափությամբ, չեմ կարողանում ընկալել, թե ինչու ցեղասպանության թեմայով՝ իր տեսակի մեջ միակը, որպես ԴՈԿՈՒՄԵՆՏ, որը մեկ անգամ ևս փաստում, ներկայացնում է հայոց ցեղասպանությունը, այն էլ ոչ մեր, այլ՝ օտարազգի ներկայացուցիչների կողմից, առանց որևէ ավելորդությունների փաստա-գեղարվեստական այս ֆիլմը, շրջելով Եվրոպայում, արժանանալով բազմաթիվ Եվրոպացի պրոֆեսիոնալների բարձր գնահատանքին, ստվերում է մնում հայրենիքում։ 
Այնինչ՝ Երևանում շռնդալի արշավում են, հիացական բացականչությունների, ծափահարությունների այսօր արժանանում «Քարե դար»ու այս կարգի հա-հա, հի-հի- ներով ուղեկցվող , միջակ սցենարներով, փողոցի ժարգոնային խոսակցություններով համեմված «ֆիլմերը», որոնք ո՛չ մտածելու, ո՛չ խորհելու, ո՛չ դաստիարակչական ու հայրենասիրական զգացումներ ունենալու «նեղություն» չեն տալիս հանդիսատեսին; Եվ այսօր ժողովուրդն էլ դարձել է այդ «մեծ պահանջարկի» գերին, ու հատկապես երեխաների ու երիտասարդների մոտ, սկսել է դրան համապատասխան ճաշակ ձևավորվել; 

Այնինչ՝ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԸ»-ը պետք է ցուցադրվի հանրապետության բոլոր դպրոցներում ու ԲՈՒՀԵՐ-ում, ամեն հայ ընտանիք, հայ մարդ պետք է իմանա ցեղասպանության հետ կապված ֆիլմում եղած փաստերը, մանրամասներն ու ինֆորմացիան, ինչը շատ քչերը գիտեն։ Ինչու՞ մենք բոլորս գիտենք Մայր Թերեզայի մասին, որին նույնիսկ մի քանիսը վերջերս ոգևորված հայուհի հռչակեցին, բայց շատ քչերս գիտենք 20-րդ դարասկզբին, հենց տեղահանության ու կոտորածների ընթացքում, Եվրոպայի տարբեր երկրներից՝ Նորվեգիայից, Շվեդիայից, Դանիայից, Էստոնիայից, թողած իրենց բարեկեցիկ կյանքը, Արևմտյան Հայաստան մեկնած այն հինգ երիտասարդ միսիոներուհիների մասին, որոնք հաղթահարելով դաժան, անմարդկային դժվարություններ, թուրքական յաթաղանից փրկվել են հարյուր- հազարավոր հայ երեխաներ ու կանայք, միսիոներուհիներ, որոնց կյանքի նպատակը, մինչ ի մահ, դարձավ՝ օգնել անհայրենիք մնացած, սոված, հիվանդ, մահվան շեմին հայտնված հայ մարդկանց;Ավելին, այս ֆիլմը պետք է տեղ գտնի նաև մեր ուսումնական ծրագրերում։ 

Իսկ ի՞նչ է կատարվում իրականում։ Իրականում Հայաստանում այսօր շատ քչերն են տեղյակ ֆիլմից, քանի որ ֆինանսի բացակայության պատճառով, չի ապահովվել համապատասխան գովազդը, ֆիլմի կրկնօրինակների պատվիրումն ու իրացումը, էլ չեմ խոսում ֆիլմը անգլերենով թարգմանելու, աշխարհին ներկայացնելու հնարավորության մասին; Այդ բոլորը ոչ ոքի չի հետաքրքրում, քանի որ չկա պետական սրտացավություն, հետաքրքրություն, գրագետ մոտեցում կինո արտադրությանը, հիմնականում ինչի հետևանքով էլ Հայաստանում չկա համապատասխան կինո շուկա։ Ռուսաստանի կինո օրենքում , կինո արտադրությանը տարեկան հինգ տոկոս արտոնյալ վարկ տրամադրելու մասին հատուկ որոշում կա, նման որոշում կա նաև նախկին Սովետ Միության էլի այլ նախկին հանրապետություններում, արտասահմանյան երկրներում, իսկ մեզ մոտ ծիծաղ կարող է առաջացնել, երբ որևէ մեկը, կինո նկարահանման վարկ ստանալու համար դիմի որևէ բանկի։ Պատասխանը մեկը կլինի՝ կինոն եկամտաբեր բիզնես չէ։

Նույն մոտեցումն ունեն նաև հայաստանյան մեծահարուստները, որոնք պատկերացում անգամ չունեն, թե ինչ ասել է կինո շուկան կամ դրսի շուկա, միջազգային փառատոններ և այլն։ Այսպիսով, հայաստանյան կինո արտադրանքը մնացել է Երևանի ընդամենը մի քանի կինո դահլիճների հույսին, կինոթատրոնի տնօրենի որոշման հույսին՝ կցանկանա՞ նա գնել ու ցուցադրել այդ ֆիլմը, թե՞ կգտնի, որ հանդիսատեսին այն անհետաքրքիր է, ու մեղմ ժպիտով կմերժի գնել։

Այսքանից բխում է, որ այսօր հայաստանյան կինո ոլորտում պարտադիր են բարեփոխումները, որ Կառավարությունը, հատկապես Մշակույթի նախարարությունը, վերջապես իր ուշադրությանն արժանացնի հանրապետությունում բացարձակ դատարկ մնացած այս ոլորտը և այն վերահսկվի պետության կողմից։
 
Մելանյա Պետրոսյանց
Այս նյութը դիտել են - 2846 անգամ