Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա գտնվում է, մեղմ ասած, ծայրահեղ ծանր վիճակում, նրա կյանքին իրական վտանգ է սպառանում, մենք գործ ունենք նպատակաուղղված, միտումնավոր խոշտանգման հետ, որը կարող է բերել արագ մահ պատճառելուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Մանվել Գրիգորյանը քաղցկեղով հիվանդ է, դա այն հիվանդությունն է, որն որ ունի արագ զարգանալու հատկություն, հիմա ինտենսիվ զարգանում է: Մանվել Գրիգորյանին այցելել եմ երեկ ուշ երեկոյան. շաքարի ցուցանիշը եղել է 22,4: Կալանավորվելուց առաջ նրա շաքարի ցուցանիշը եղել է 7 և զուտ միայն կալանքի ընթացքում է առաջացել է ինսուլինակախվածություն, և 30 չափաբաժին ինսուլին ստանալու արդյունքում ունենում է շաքարի 22.4 ցուցանիշ, այս պարագայում ասել, թե վիճակը ծայրահեղ ծանր է, նշանակում է ոչինչ չասել, կրկնեմ՝ Մանվել Գրիգորյանի կյանքին իրական վտանգ է սպառնում»,- շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին արդյոք չի քննարկվում Մանվել Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարց չի քննարկվել` հաշվի առնելով նաև փորձաքննության արդյունքները պաշտպանն ասաց.
«Ենթադրում եմ, որ կարող են տեսականորեն նման հարցեր քննարկվել, բայց մենք գիտենք, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ հատուկ վատ վերաբերմունք կա, շատ լուրջ աշխատանք է տարվել հանրային բացասական կարծիք ձևավորելու, և շատ լուրջ աշխատանք է տարվել, որ վարույթ իրականացնող մարմինը, դատարանները,դատախազությունը ունենան խիստ բացասական տրամադրվածություն:
Երբ որ համեմատական ենք անցկացնում, օրինակ, ավելի ծանր հոդվածներով ընդհանրապես առողջական խնդիրներ չունեցող, ազատամարտին չմասնակցած, պետության կառուցման մեջ լումա չունեցած անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են,իսկ Մանվել Գրիգորյանի նկատմամբ չեն կիրառվում, ենթադրում եմ, որ սա նպատակաուղղված քաղաքականություն է, որի միակ վերջակետը և նպատակը մահ պատճառելն է: