Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. մարզի փրկարարներն ու Ծաղկահովտի բժիշկները հղի կնոջն ու նրա 3 անչափահաս երեխաներին 5 կմ ձնաբուք ճանապարհով տեղափոխում են հիվանդանոց. ..
2016-02-08 14:14:00

Արտակարգ  իրավիճակ Արագածոտնի մարզում. մարզի փրկարարներն ու Ծաղկահովտի բժիշկները հղի կնոջն ու նրա 3 անչափահաս երեխաներին 5 կմ ձնաբուք ճանապարհով տեղափոխում են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Ավշեն գյուղում: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ծաղկահովտի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ազատ Ղուկասյանից, ով հայտնել է, որ ճանապարհի մերկասառույցի և ուժեղ բքի պատճառով հիվանդանոցի բուժանձնակազմը չի կարողանում 3 մանկահասակ երեխայի և հղի կնոջը Ավշեն գյուղից տեղափոխել Ծաղկահովտի հիվանդանոց: 

Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Ավետիք Մանուկյանի և Ծաղկահովտի գլխավոր բժիշկ Ա. Ղուկասյանի գլխավորությամբ 2 բուռաններով փրկարարների հետ մեկնեցին Ավշեն գյուղ, որպեսզի հիվանդանոց տեղափոխեն հղի կնոջը` 25-ամյա Կարինե Սուլթանյանին, նրա 5 տարեկան տղային` Մրազին, նրա աղջիկներ` 4 տարեկան Սոնային և 2,5 տարեկան Նարեին: 

Ավշեն գյուղում այս պահին երեխաներին բժշկական օգնություն է ցուցաբերում գյուղի բժշկուհին, մինչև փրկարարներն ու Ծաղկահովտի բժիշկները կհասնեն գյուղ, իսկ այնտեղ հասնելու համար նրանք պետք է կտրեն անցնեն մոտ 5 կմ ճանապարհ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև,որ այսօր Արագածոտնի փրկարարները Սիփան գյուղից հիվանդանոց են տեղափոխել նաև տարեց մի կնոջ, ով նույնպես առողջական խնդիրներ է ունեցել:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Այս նյութը դիտել են - 1696 անգամ