Նվիրում ու խոսքեր երախտիքի
2018-11-15 10:32:00
Երբ գիրքը նվիրում է դառնում աշակերտներին հենց իրենց մասին, ինքնաբերաբար ծնվում են նաև խոսքեր երախտիքի, որ ամեն օր ընթերցում եմ և նույնպես լցվում շնորհակալական զգացումով իններորդցիների հանդեպ: Ու գիրքը դառնում է օղակ մի նոր փոխադարձ գեղեցիկ հարաբերության, որ ձևավորվում է աշակերտների և ուսուցչուհուս միջև, տեսանելի դարձնում սիրով ու հարգանքով փոխկապակցված մի նոր մտերմություն:
Մանուկյան Արմինե - «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասին սպասում էի սրտատրոփ և մեծ ուրախությամբ: Այդ օրը, երբ դասարան մտավ ուսուցչուհիս, ուշադիր նայեց և իր խորհրդավոր ժպիտով հասկացնել տվեց, որ մեզ նվիրելու է իր նոր հրատարակած գիրքը: Նա արդեն չորրորդ գիրքն է հրատարակել և այնքան պարզ է գրում, որ կարծես իրականություն են դառնում տողերը, և տեսնում ես կողքիդ կատարվող դեպքերը: Գրքում ուշադրությանս արժանացան հայրիկիս նվիրված տողերը, ով զոհվել էր սահմանին: Մի պահ հուզվեցի, բայց հետո հպարտություն ապրեցի, որ ունեմ նման հերոս հայր, ում անունը հնչում է Արցախի տարբեր անկյուններում: Մեկ այլ էջի վրա ես եմ՝ իմ չարաճճիություններով: Ընթերցում եմ տողերը, սիրտս կուչ է գալիս, հոգիս՝ լցվում երջանկությամբ: Այս գիրքը մեզ սովորեցնում է աշխարհը տեսնել այնպես, ինչպիսին որ կա, սովորեցնում է մեզ դառնալ հայրենիքի խիզախ ու խելացի զավակը:
Տիկի՛ն Պողոսյան, Դուք շատ մեծ ու անգնահատելի աշխատանք եք թողնում մեզ և հետագա սերունդներին: Ցանկանում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և երկար տարիների կյանք: Խորապես շնորհակալ ենք, մենք Ձեզ շատ ենք սիրում:
Հակոբջանյան Լյուբա - Իմ տպավորություններն աննկարագրելի են: Ես անչափ ուրախ էի, երբ ուսուցչուհիս նվիրեց ինձ այդ գիրքը: Այնքա~ն հուզիչ դրվագներ կան, որ կարդալով արցունքներս զսպել չկարողացա: Եվ անկեղծ ասած, զարմանում եմ, թե այդքան մտքերն ինչպե՞ս են տեղավորվել այս գրքի մեջ, բայց իմ սիրելի ուսուցչուհին կարողացել է ամեն մի նրբություն գրի առնել ու տեղադրել գրքում: Այնքա~ն հետաքրքրությամբ է կարդացվում, որ ուզում եմ շարունակական լինի այն, որովհետև նման գիրք միշտ չէ, որ կհանդիպենք, երբ այն դարձել է մեր ընկերն ու լավ բարեկամը:
Մկրտչյան Անի - Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ուսուցչուհուս՝ ինձ գրքում ընդգրկելու համար: «Մանկավարժի օրագիր» գրքի առաջին մասի շնորհանդեսին ես արտասանեցի Պարույր Սևակի «Ընկածները» բանաստեղծությունը, որով հուզեցի ներկաներին: Իսկ երբ ուսուցչուհիս նվիրեց այդ գրքի երկրորդ մասը, ճիշտն ասած, անակնկալի եկա, որովհետև չէի պատկերացնում, որ այդ գրքում ես էլ կլինեի: Մասնակցել էի Շուշի քաղաքում կայացած ասմունքի համահայկական 6-րդ փառատոնին, իմ տպավորությունները տիկին Պողոսյանը գրի էր առել: Մնացած աշակերտների նման հոգուս խորքում ուրախ եմ, որ ես էլ տեղ ունեմ այդ գրքում, դա ինձ է՛լ ավելի է ոգեշնչում նոր գաղափարների:
Տիկի՛ն Պողոսյան, այնքան շատ են Ձեզ բնութագրող բառերը, որ չգիտեմ ինչպես արտահայտվել: Ուղղակի շնորհակալություն եմ հայտնում՝ այս գեղեցիկ մտքերով առատ գիրքը լույս ընծայելու համար:
Ես ընտրեցի մի նկար, որտեղ համադասարացիների հետ նաև Մանե Հակոբյանն է տեսանելի, ով ամիսներ առաջ արտերկիր է տեղափոխվել մայրիկի հետ՝ նրա առողջական խնդիրներով մտահոգ: Առանձնակի հոգածությամբ ես պահում եմ այն գիրքը, որ պիտի նվիրեմ Մանեին, ով դարձել է իմ «Մանկավարժի օրագրի» կերպարներից մեկը՝ իր լուսավոր հայացքներով, գալիքի հանդեպ ունեցած վառ երազանքներով: Գիտեմ կարոտի գինը ու ֆրանսերենին տիրապետելու նրա ձգտումին միախառնված մեծ ցանկությունը, նաև համոզված եմ՝ եթե իմ սիրելի աշակերտուհին այստեղ լիներ, նա նույնպես նվեր կստանար իմ գիրքը, և սրտի խորքում ամբարված խոսքերը հասանելի կդառնային մեզ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 8833 անգամ