Ինչքա՜ն կարևոր է այս աշխարհում մարդ լինելու գործոնը
2018-11-21 18:03:00
Դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտ Նարեկ Բաղրյանի համար ուսուցչուհուս կողմից լավագույն նվերը գրքի շապիկի վրա նրա նկարի տեղադրումն էր, ով իր հետաքրքիր մտքերով ու իմաստալից խոսքով արժանվույն տեղ ունի իմ նոր հրատարակած գրքում: Հարմար գտա տեսանելի դարձնել նրան, ով իր խոսքերի՝ հիացմունք պարգևող անակնկալով օրեր առաջ ներկայացավ դասարանում՝ ինձ էլ կանգնեցնելով երկընտրանքի առջև, թե որքանով եմ արժանի նման խոսքերի:
«Հարգարժա՛ն տիկին Պողոսյան, աշակերտներիս ու մեր ուսուցիչների մասին գրած Ձեր «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասի հրատարակությունը շատ-շատերիս համոզեց նորից, որ Դուք ստանձնել եք բարձր պարտականություն՝ օգնել սերունդներին պահպանվել որպես բնության ստեղծած տեսակ, մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության։ Դուք մեր երկրի պատմության մունետիկն եք, երկրի մշակույթը, լեզուն ու սովորությունները։ Ամենքի մեջ թողնելով Ձեր մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները՝ աննկատ դառնում եք հայրենիքի ամենաբնորոշ տրամադրությունն արտահայտողը, հասարակության զարկերակը։
Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը։ Մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչ բարդ, բայց և չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանք եք կատարում Դուք, ինչքան ջանք ու եռանդ եք ներդնում Ձեր աշխատանքում, ինչքան ջանք եք թափում, որպեսզի մատաղ սերունդը լինի կիրթ ու դաստիարակված, ստանա հիմնավոր գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ, գտնի իր արժանի տեղը կյանքում։
Դուք կրթական համակարգի կարկառուն դեմքերից եք, մեր սիրելի՛ տիկին Պողոսյան։ Մարդկությունն արդեն մուտք է գործել 21-րդ դար։ Նոր ժամանակաշրջանն ունի անհատի պահանջ, որն ունակ է լուծել խնդիրներ, հաղթահարել դժվարություններ։ Ձեր առաքելությունը համարում ենք նոր աշխարհ մուտք գործելիս մեզ սատարելը, ուսանելը և, թե ինչքան կարևոր է այս աշխարհում մարդ լինելու գործոնը, և դրանով իսկ խթանում եք աշխարհի ներդաշնակ պատկերի կերտմանը։
Հիրավի, հզոր է այն ազգը, որն ունի Ձեզ նման ուսուցիչ։ Ուսուցումն այն ծաղկի թերթերից մեկն է, որը կոչված է ձևավորելու հասարակություն։ Դասավանդումն էլ արվեստ է՝ ինչպես նկարիչը կամ երաժիշտը, որ ստեղծագործական երկունք են ապրում արարելիս, այնպես էլ Դուք, որ տառապանք եք ապրում, երբ Ձեզ չի հաջողվում յուրաքանչյուր երեխայի մեջ ներդնել իր պատկերացումները, գաղափարները։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ։ Այլ կերպ ասած՝ Դուք մարդկային հոգու ճարտարապետ եք»։
Նորից շնորհակալություն եմ հայտնում Նարեկին և բոլոր մյուս դպրոցականներին, որ այս օրերին բազում խոսքեր են ուղղել իրենց դասավանդող ուսուցչուհուն, երբ հրատարակած գիրքս նվիրել եմ նրանց, ովքեր իրենց մտքերով, դպրոցական կյանքով տեղ են գտել այդ գրքում, դարձել իրական կերպարներ: Համոզված եմ, որ կյանքի իրենց անցնելիք ճանապարհին միշտ էլ այդ գիրքը լուսավորելու է նրանց:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 9466 անգամ