«Իմիջայլոց, ինչքան խելքը գլխին կադրեր ունի, մեր իշխանությունից են եկել»Էդուարդ Շարմազանով.168
2018-11-22 15:58:00
«Պետք է հիասթափեցնեմ Արարատ Միրզոյանին և իր շեֆին, որոնք ամեն ինչ անում են, որ մենք չլինենք էս պառլամենտում: Ասեմ, որ մենք լինելու ենք պառլամենտում, որովհետև ունենք բազմաթիվ աջակիցներ և դրանում կհամոզվեք դեկտեմբերի 9-ին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի խորհուրդներին:
Ըստ նրա՝ ՀՀԿ խմբակցությունը կողմ քվեարկեց բյուջեին, սակայն անձամբ ինքը՝ դեմ, որովհետև կարծում է, որ սա հետընթացի բյուջե է, դրանով ակնհայտ են դառնում Նիկոլ Փաշինյանի կառավարության ստերը:
Շարմազանովի խոսքով՝ մի քանի ամիս առաջ Փաշինյանը խոստանում էր թռիչքային զարգացում, ներդրումների աճ, աշխատատեղերի աճ, սակայն այսօր բյուջեում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի ցածր է, քան՝ ՀՀԿ օրոք:
«Կարեն Կարապետյանի կառավարությունը, որ ասում էին՝ էդքան վատն ա, վատն ա, 9.7%-անոց տնտեսական աճով երկիր ենք տվել Փաշինյանին: Դա ես չեմ ասում, դա Հրանտ Բագրատյանն ա ասում, մի մարդ, որին դժվար է մեղադրել հանրապետականասեր լինելու մեջ»,- ասաց Է. Շարմազանովը:
Նա ընգծեց, որ եթե Փաշինյանը պաշտպանության նախարար է նշանակում ՀՀԿ օրոք ՊՆ փոխնախարարին, դա նշանակում է բանակում համատարած կոռուպցիա չի եղել, ԱԱԾ տնօրեն է նշանակել Արթուր Վանեցյանին, որը Երևանի ԱԱԾ պետի տեղակալը, այսինքն՝ եթե Վանեցյանը չի եղել կոռուպցիոն սկանդալում, ուրեմն` առնվազն Երևանի մակարդակով կոռուպցիա չի եղել ԱԱԾ-ում, նույն կերպ Ֆելիքս Ցոլակյանը, Հունան Պողոսյանը, Վալերիյ Օսիպյանը և այլք. «Իմիջայլոց, ինչքան խելքը գլխին կադրեր ունի, մեր իշխանությունից են եկել»:

168.am
Այս նյութը դիտել են - 5029 անգամ