Պաշտոն ունես դու, պաշտոն ունի բարեկամդ
2016-02-09 10:05:00

Այն, որ Հայաստանում աշխատանքի են ընդունվում խնամի-ծանոթ-բարեկամով, գաղտնիք չէ, սակայն առավել հետաքրքիր է հետեւել, թե ինչպես հերթով-կարգով-շարքով բարձրաստիճան ազգականի պաշտոնանկությունից հետո աշխատանքից ազատվում են նաեւ նրա բարեկամները:

Լինում է նաեւ հակառակը, երբ պաշտոնի փոփոխությունը դրական է ազդում ազգականի վրա: Օրինակ՝ երբ Տիգրան Սարգսյանը լքեց վարչապետի պոստը ու գնաց ԱՄՆ-ում դեսպան, դա դրական ազդեցություն ունեցավ նրա եղբորորդու վրա: Արամ Սարգսյանը հորեղբոր վարչապետության տարիներին Էրեբունու հարկային տեսչության պետն էր, իսկ դեսպան դառնալուց հետո նշանակվեց Ֆիննախի ստուգումների եւ դիտարկումների վարչության պետի տեղակալ:

Այժմ, երբ Տիգրան Սարգսյանը ստանձնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնը, պատկերացրեք՝ ինչպիսի սրընթաց առաջընթաց է սպասվում նրա եղբորորդուն: Կամ մեկ այլ օրինակ: Երբ աշխատանքից ազատվեց ՀՅԴ անդամ, ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, աշխատանքից ազատվեց նրա եղբայրը՝ Նաիրի հարկային տեսչության պետը՝ Արտակ Եսայանը: Սպասվում է, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ֆոնին դաշնակների, այդ թվում՝ նրանց բարեկամների կյանքը կլավանա: Իսկ այս օրինակը ընդհանրապես շլացուցիչ է:

 Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Արտաշես Նազարեթյանի պաշտոնը երկու անգամ իջեցրել են բուհի ՀՀԿ-ական ռեկտորները, սակայն ՀՅԴ-ական Ոստանիկ Մարուխյանի օրոք Նազարեթյանը վերականգնվեց պրոռեկտորի պաշտոնում՝ կոորդինացնելու ֆինանսատնտեսական բլոկը: Պրոռեկտորի հաջողության գաղտնիքը խնամին է, որը ազդել է հին ընկեր Ոստանիկ Մարուխյանի կադրային քաղաքականության վրա: Արտաշես Նազարեթյանի եղբայրը ամուսնացած է եղել Քոչարյանի քրոջ հետ, ու թեեւ այժմ ամուսնալուծված է, բայց նախկին խնամու վիրտուալ ներկայությունը ճակատագրական եղավ:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1264 անգամ