Ինչո՞ւ է Պուտինը մարտունակության բերում Գյումրու 102-րդ ռազմաբազան
2016-02-09 12:02:00

Երեկվանից Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ռազմական պատրաստականության մասով ստուգումներ են ընթանում: Ռազմաբազայի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ՌԴ պաշտպանության նախարարի հրամանն է՝ մարտունակության բերել զորքերն ու զինտեխնիկան: Հրամանը վերաբերում է Հարավային ռազմական օկրուգի բոլոր ռազմակայաններին, որի թվում է 102-րդ ռազմաբազան: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգունի խոսքերով՝ ստուգումն անհրաժեշտ է, որպեսզի գնահատվի Հարավային ռազմական օկրուգի պատրաստվածությունը տարբեր ճգնաժամային իրավիճակներում: Ինչևէ, երեկվանից Գյումրու երկնքում ռազմական օդանավերն են, ռազմաբազայի տարածքում՝ զինվորների մարտական վարժանքները: Ռազմական օդուժի նախավարժանքները, քաղաքացիների կարծիքով, պատահական չեն: Այն, ինչ կրկնվեց դեռ նախորդ տարի, երբ թուրքական կողմը ռուսական օդանավի հարվածեց, ասես ճակատագրական է դարձել:102-րդ ռազմաբազան միակն է, որն անմիջապես սահմանակից է Թուրքիային, եւ գաղտնիք չէ, որ ռուսական կողմի առաջին հակահարվածը սպասվում է հենց այստեղից: Հերթական ստուգումները տագնապի մեջ են պահում գյումրեցիներին: Չլինի հանկարծ նոր հակահարված եւ նոր պատերազմի սկիզբ, որի հետևանքով Գյումրին ակամա կհանդիսանա ռազմական գործողությունների թատերաբեմ: Ինչպես ասում են, մեզ միայն սա էր պակասում:

Արևիկ Հակոբյան, Գյումրի

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1465 անգամ