ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Վալովայան օրը ցերեկով խայտառակել է Հայաստանին և, մասնավորապես, մեր երկրի հարկային մարմիններին՝ բացահայտելով իր տեսակի մեջ աննախադեպ օրինազանցություն ու թալան:
Տեսակամրջի օգնությամբ Մոսկվայի, Երևանի ու Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ժամանակ Վալովայան հայտարարել է, որ երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
«ԵՏՄ ներսում ոչ-տարիֆային պատնեշներ դե յուրե չկան: ԵՏՄ պայմանագրում հստակ գրված է՝ միության անդամ երկրները չեն կարող միմյանց նկատմամբ կիրառել ոչ-տարիֆային պաշտպանության միջոցներ: Միևնույն ժամանակ, մենք բավականին հաճախ ենք հայտնաբերում նման պատնեշներ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ կա՛մ պետությունները ամբողջովին, հստակ չեն կատարում որոշումները, կա՛մ ինչ-որ մակարդակում մեզ մոտ հստակ չէ իրավակիրառական պրակիտիկան»,- ասել է նախարարը։
Այս տեղեկությունը նախ ապշեցրել, ապա զայրույթ է պատճառել վարորդներին ու ավտոներկրող ընկերություններին: Փաստորեն, մարդկանց տևական ժամանակ ոչ միայն թալանել են, այլև նրանցից գաղտնի են պահել ընդունված կարգը: Լրագրողների փորձերը՝ կապ հաստատել Հայաստանի ֆինանսների նախարարության հետ և այնտեղից բացատրություն ստանալ, այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին: Եվ դա հասկանալի է: Ի՞նչ պիտի պատասխանեն հարկային մեքենայության գլխավոր դերակատարները: Իսկ խոսքը տվյալ դեպքում ահռելի չափերի հասնող ֆինանսական միջոցների յուրացման մասին է:
Ներկա պահին դժվար է ենթադրել, թե ծայր առած սկանդալային բացահայտումն ինչ զարգացումներ կունենա: Հայտնի չէ նաև, թե անօրինական գանձումների ենթարկված քաղաքացիներին ու կառույցներին ետ կվերադարձվե՞ն իրենց գումարները: Նման սպասելիքները փոքր-ինչ անհավանական են: Բայց սա արդեն ասեղ չէ, որ թաքցվի դեզի մեջ: