Հավերժացած պահերի հիշողությամբ2018-12-20 22:22:00
Այս պահն ուշադրությանս արժանացավ, որտեղ իմ գրքի շնորհանդեսի փոքրիկ հանդիսատեսներն են՝ հեռախոսը ձեռքին թոռնիկս՝ 5-րդ դասարանում սովորող Նարեկ Բեջանյանը, կողքին հարազատ անձնավորություն, ինչպես ինքն է ասում՝ իր «ախպերը»՝ 7-րդ դասարանցի Արամ Հարությունյանը, նաև ոչ շատ տեսանելի է իր համադասարանցի Դավիթ Սամվելյանը: Պարզվում է՝ փոքրերն անգամ կլանված նայում էին, ուշադիր լսում մյուսներին:
Այս օրերին շնորհակալությունս իմ գրքի շնորհանդեսի բոլոր մասնակիցներին արտահայտեցի իրար հաջորդող տարբեր հրապարակումներով: Այդտեղ էին նաև իմ հարազատները՝ ընտանիքիս անդամներն ու մեր բարեկամները, իմ մտերիմ միջավայրն էր՝ ընդգրկված հարևաններով, բոլոր նրանք, ովքեր մի նոր շուք տվեցին այդ միջոցառմանը՝ գրքի լույսընծայման առթիվ արտահայտած իրենց շնորհավորանքներով ու «Մանկավարժի օրագիրն» ունենալու մեծ ցանկությամբ, որն ուղեկցվեց իմ կողմից գրքի նվիրումով:
Միջոցառումը մեր շուրջն էր համախմբել հյուրերի, շրջվարչակազմի, կրթության բաժնի աշխատողների, դպրոցների ուսուցիչների և աշակերտների, նրանց ծնողներին, մեր հասարակությանը, տարբեր ոլորտների ներկայացուցիչների, այն բոլոր ընթերցասերներին, ովքեր, տեղեկանալով շնորհանդեսի մասին, հարմար էին գտել մասնակցելու:
Գրքի շնորհանդեսի կազմակերպմանը լավագույնս նպաստեցին մեր դպրոցականներն իրենց մասնակցությամբ, այն զգացի դեռ նախապատրաստական շրջանում, երբ ձևավորված տեսանյութն ի ցույց դրվեց Յուրի Մանգասարյանի և Վահագն Սաղաթելյանի կողմից: Դա նկարների հավաքածու էր՝ ուսուցիչների և աշակերտների տեսանելիությամբ, իմ կողմից գրքի նվիրումով, տարբեր խմբանկարների ցուցադրությամբ, որտեղ գեղեցիկ հարաբերությունների համաձուլվածք էր ձևավորվել, ու այն ուղեկցվում էր ուսուցչի պատվաբեր գործին նվիրված երգով, հմայիչ երաժշտությամբ, որ գրավեց հանդիսատեսի ուշադրությունը:
Նաիրի Ջհանգիրյանի պարզ ու անմիջական պատրաստակամությունը՝ շնորհանդեսին երևալ զինվորին նվիրված երգով, հաճելի առաջարկ էր, որ սիրով ընդունեցի: Աշակերտների անկեղծ խոսքը, յուրաքանչյուրի սրտացավ վերաբերմունքը՝ միջոցառումը վայելուչ և բարձր մակարդակով կազմակերպելու համար, տեսանելի դարձավ հանդիսատեսին: Այն երկխոսություն էր բեմահարթակում գտնվողներիս և դահլիճում նստածների միջև, որ ուղեկցվեց ուսուցչուհուս ծաղիկների նվիրումով, բուռն ծափահարություններով:
Իմ դասավանդելիք յուրաքանչյուր դասարան իր մասնակցությունն ունեցավ այդ միջոցառմանը, թերևս իններորդցիներն էին հիմնականում զբաղեցրել բեմահարթակը, հետո՝ յոթերորդցիները, որ այնքան հուզված էին ու հասկանալի... Հնչեցրած տարբեր երգերի իր հրաշալի ձայնով առանձնացավ Գերտրուդա Բեգլարյանը: 12-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի սրտի խոսքը, թվաց, օդում դողում է, նրբորեն արտահայտած նրա ամեն մի բառը անսահման մեծ զգուշությամբ ընկալեցինք, նաև զգացինք բառի շունչը Մերի Հովհաննիսյանի ասմունքի ժամանակ: Մեկը մյուսից գեղեցիկ էին նրանք, ովքեր, իրար հերթ չտալով, բեմ էին բարձրանում, կարծես խոստովանության ժամ էր, անկեղծ ապրումների, զգացած հույզերի դրսևորման առիթ, որ հիշողություն դարձավ հավերժացած պահերով՝ իր մեջ ամփոփելով մի տքնաջան ու հաճելի աշխատանք:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 19983 անգամ